Հայաստանը առաջարկում է Ադրբեջանին արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր՝ կրկնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Հարց է հնչել հաղորդակցուղիների ապաշրջափակման դեպքում Բաքու-Նախիջևան ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի վերահսկողությունը մասնավոր ընկերության պատվիրակելու հնարավորության մասին:
«Ես չեմ դադարում անընդհատ զարմանալ՝ ինչպես է եղելությունը, իրողությունը հոդվածից հոդված, կարծիքից կարծիք մի բառ փոխվում, հետո ուրիշ բառ ավելացվում, հետո սկսում է լայնորեն շրջանառվել մի բան, որն իրականում գոյություն չունի, և դա որոշ «անկախ» փորձագետների կամ քաղաքական գործիչների, վերլուծաբանների կողմից մատուցվում է որպես իրականություն: Որևէ բան, որը ենթադրում է «միջանցքի» ստեղծում և վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում: Մենք ասել ենք, որ ՀՀ-ի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեզ համար դա անընդունելի է: Այս մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել:
Խոսքը բոլորովին ուրիշ բան մասին է: Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և քննարկվելիք տարբերակներից մեկն է, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին: Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ մասնավորի ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել, և հիմա էլ չկա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: