ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։
![](/attachments/images/441174449_839106738246825_3832719525970210765_n.jpg)
Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բարեփոխումների օրակարգին՝ օգտագործելով նաև միջազգային մեխանիզմների միջոցով ընձեռվող հնարավորությունները։
![](/attachments/images/441951555_839106858246813_2543369697078716517_n.jpg)
Վերջիններիս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԽ կոնվենցիաներին ՀՀ միանալու և կիրառման պրակտիկային, առաջիկա անելիքներին. ԵԽ հանձնակատարը ողջունել է նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը։
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ։
![](/attachments/images/441953184_839106801580152_2178221116452748104_n.jpg)
Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին։