Պորտուգալիայում արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն կազմել։ Ընտրողների կողմից ամենաշատ աջակցությունն է ստացել աջ կենտրոնամետ «Դեմոկրատական դաշինքը», սակայն այն չունի բավարար ձայներ՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Անակնկալ էր նախկին մարզական մեկնաբան Անդրե Վենտուրայի ծայրահեղ աջ «Չեգա» («Բավական է») կուսակցության աջակցության կտրուկ աճը։
Աջ կենտրոնամետները՝ Լուիս Մոնտենեգրուի գլխավորությամբ, ութ տարի շարունակ ընդդիմադիր են եղել իշխող Սոցիալիստական կուսակցությանը։ Այժմ նրանք ստացել են ամենաշատ ձայները, իսկ սոցիալիստները, մի փոքր հետ մնալով, զբաղեցրել են երկրորդ տեղը։ Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջ «Չեգա» կուսակցությունը կարողացել է քառապատկել իր պատգամավորների թիվը խորհրդարանում՝ 230-ից ստանալով 48 տեղ:
Ըստ BBC-ի՝ տեսականորեն աջերը կարող են ստեղծել կոալիցիոն կառավարություն, սակայն Մոնտենեգրուն մերժել է Վենտուրայի կուսակցության հետ համագործակցության հնարավորությունը՝ մեղադրելով նրան ռասիզմի համար։
Չնայած սոցիալիստների օրոք տնտեսական աճին՝ պորտուգալացիներին անհանգստացնում է գնաճը, հանրային ծառայությունների վատթարացումն ու բնակարանային ճգնաժամը: BBC-ի մեկնաբանությամբ՝ սոցիալիստների դիրքերը խաթարել է նաև կոռուպցիոն սկանդալը, որի հետևանքով կուսակցության առաջնորդ Անտոնիո Կոստան, որը նաև երկրի վարչապետն էր, ստիպված է եղել հրաժարական ներկայացնել։