Անցած տարին բարդ էր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար։ Այն հեշտ չէր նաև Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի համար։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը, տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակապես անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, նրանց զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում բացառապես իր շահերից ելնելով:
Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը: Մեզ համար դա իսկապես կարևոր նշանակություն ունի մի շարք պատճառներով։ Դա մեր ընդհանուր պատմությունն է, ժողովուրդների և մշակույթների փոխըմբռնումն է, դա տարածաշրջանային ծրագրի կայունությունն է: Սրանք ընդհանուր մարտահրավերներ ու խնդիրներ են, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։ ՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։
Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նախադրյալ կա։ Եվ, ընդհանրապես, մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այդ տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ։ Դրան կարող է նպաստել նաև փոխգործակցության ընդլայնումը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում»,- ասել Է Զախարովան։
«Դե, ես, ընդհանուր առմամբ, կրկնեցի մեր հիմնական դիրքորոշումը, բայց իմ կողմից, Հայաստանի ժողովրդին նոր տարում սրտանց մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ՝ անցնող տարվա համեմատ»,- հավելել է նա: