Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներով հոկտեմբերի 5-ին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում նշված է.
«Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Մենք վերահաստատեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը կազմում է 29800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86600 կմ2: Մենք նաև ընդգծել ենք, որ տարածաշրջանային կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Հայաստանն ու Եվրամիությունը կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ իրենց հանձնառությամբ:
Այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը և Հայաստանը կանգնած են կողք կողքի:
Մենք հանձնառու ենք առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։
Ինչպես քննարկեցինք այս շաբաթվա սկզբին, Ղարաբաղից Հայաստան տեղահանված ավելի քան 100,000 հայերի մարդասիրական կարիքները հոգալը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է: Մենք քննարկել ենք, թե ինչպես ապահովել Եվրամիության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ հրատապ աջակցության առավելագույն արդյունավետությունը: Այն կկազմի 10,45 միլիոն եվրո։
Նախագահ ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Հանձնաժողովն իր տարեկան ծրագրից Հայաստանի համար ֆինանսավորում է մոբիլիզացնում և կտրամադրի 15 միլիոն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն։ Սա Հայաստանի կառավարությանը թույլ կտա հասցեագրել սոցիալ-տնտեսական հրատապ կարիքները և աջակցել սննդամթերքի և վառելիքի ձեռքբերմանը:
Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։
Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Էլեկտրաէներգիայի սևծովյան մալուխը։ Հանձնաժողովը կավելացնի նաև Հայաստանին տեխնիկական աջակցությունը, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում:
Նախագահ ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու նպատակով Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Առաջիկա օրերին մենք կշարունակենք քննարկումները մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ»։