Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Նախարարը դեսպանին է փոխանցել Ֆրանսիայի կառավարությանն ուղղված իր երախտիքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու համար, ինչպես նաև բարձր է գնահատել ֆրանսիական կողմի շարունակական աջակցությունը և սատարումը Հայաստանին և Արցախին:
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված ներկա հարաբերությունների բարձր մակարդակը՝ կարևորելով երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, մասնավորապես՝ ջրային, հաղորդակցությունների, էներգետիկայի և այլ ոլորտներում: Հատուկ կարևորվել է նաև համագործակցությունը բյուջետային աջակցության ոլորտում:
Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության մանրամասներին և հեռանկարներին: