ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների շարունակմամբ: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել նման գործողությունները: Ի գիտություն ենք ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են, և եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զարգացում: Սակայն այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր, և մենք խորապես մտահոգված ենք քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին տեղեկություններով:
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի այս տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքները և հիմնարար ազատությունները ապահովելու գործում»,- նշել է դիվանագետը:
Նա ԱՄՆ-ի անունից կողմերին կոչ է արել ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների, ինչպես նաև ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը:
Թոմաս-Գրինֆիլդի խոսքով՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական բեռների տեղափոխումը կարևոր քայլ էր, բայց հիասթափեցնող է, որ դրանից ընդամենը մեկ օր անց սկսվեցին ռազմական գործողությունները:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել 2020-ից հետո՝ արձագանքելով ճգնաժամին:
«Սակայն ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությունն ավարտելու և տևական խաղաղությունն ապահովելու միջոցով: Մենք վերահաստատում ենք այնպիսի միջազգային առաքելության կարևորությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ-ի բնակիչներին, որ իրենց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ:
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման Լեռնային Ղարաբաղում: Եկեք աշխատենք միասին՝ հասնելու խաղաղության և արդարության բոլորի համար»,- եզրափակել է Գրինֆիլդը: