Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում սեպտեմբերի 6-7-ը տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովը:
Գագաթնաժողովը համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Գագաթնաժողովի խորհրդանիշն էր թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար կառավարումը՝ գլոբալ մարտահրավերների ժամանակ: Գագաթնաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գագաթնաժողովի շրջանակներում նաև մեկնարկել է «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում նախատեսված էր տասը մրցանակ: Մրցանակի համար դիմել էին ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ՝ տեղական և օրենսդիր իշխանության մարմինները՝ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը և ավելի քան 100 տեղական իշխանությունների մասնակիցների շարքում ճանաչվել է հաղթող: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Տեղական բաց կառավարման գործընկերության 2023-2024 թթ.» գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ կնիք-կանաչ գործարք» հանձնառությունը:
Հիշեցնենք, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն: ՀՀ կառավարությունը անդամակցում է 2011 թվականից: Տեղական «Բաց կառավարում» նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևանի համայնքները: