Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լույս օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձը Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օբյեկտների ուղղությամբ:
«Ուկրաինական երկու ԱԹՍ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցներով Մոսկվայի մարզի Օդինցովի և Նարո-Ֆոմինսկի շրջանների տարածքում։ Եվս մեկ անօդաչու սարք ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, կործանվել է Մոսկվա Սիթի թաղամասի ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում»,- նշել են գերատեսչությունում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեկացրել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկին հաջողվել է հասնել Մոսկվա Սիթիի նույն աշտարակին, ինչ նախորդ անգամ: Քաղաքապետը հավելել է, որ ընկնելու հետևանքով վնասվել է 21-րդ հարկի դիմային մասը։ Խախտվել է նաև 150 քմ մակերեսով ապակեպատ հատվածը: Սոբյանինի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան։