Զարգացնել սպորտը՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Ստեղծվել են մարզիկների անհատական թվային քարտեր. QR կոդերի միջոցով մարզիկներն ու երկրպագուները հնարավորություն կունենան պահպանել մրացաշարերից հիշողություններ: Դրա համար անհրաժեշտ է քարտին կցված QR կոդը սքանավորել` առանց որևէ ծրագիր ներբեռնելու, ձայնագրել կամ տեսանյութ նկարել: Թվային քարտերն առաջին անգամ փորձարկվել են ապրիլի 15-ից 23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ:
QR տեխնոլոգիայի կիրառմամբ ընկերությունը ստեղծում է կապ ֆիզիկական և թվային տիրույթների միջև՝ հաղորդելով տարբեր ոլորտներում գործող կառույցներին նոր շունչ և ինովատիվ մոտեցում։
Պավել Խաչատրյան (ՏՏ կազմակերպության հիմնադիր) - Սոուլմին ի սկզբանե ունի ուղղություն, որտեղ ստեղծում է թվային հիշողություններ և էմոցիաների թվայնացման պրոցեսին է մասնակցում` զգալով որ սպորտի աշխարհում երկուսն էլ ներգրավված են, այդ երկու պրոցեսն են, մենք միասին թողարկեցինք նման լուծումներ:
Գործակցությունը կնպաստի դեռահասների շրջանում թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև սպորտի մասսայականացման համար համատեղ ծրագրերի մշակմանը։
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Շուտով կընդունվի Հայաստանի սպորտի զարգացման ռազմավարությունը, և այդ ռազմավարության մեջ շատ հստակ նշված է մարզիկների հանրահռչակումը, մեր մարզիկները պիտի ավելի ճանաչելի լինեն, պիտի լինեն մարդ, ում երեխաները կփորձեն նմանվել, պիտի դառնան մատաղ սերնդի կուռքը, և այս ինովացիոն-նորարարական տեսքով հանրահռչակման մեթոդը մեզ շատ կօգնի ու իր նպատակին կծառայի:
Ստեղծվել են նաև սթիքերներ, որոնք ԿԳՄՍ նախարարության կազմակերպած առաջնությունների ու մրցաշարերի ժամանակ փակցվելու են գավաթների ու դիպլոմների վրա: Սթիքերները և քարտային համակարգն առաջին անգամ կներդրվեն Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարում, որը կանցկացվի հունիսի 15-17-ը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան