ՎԵՐՋԻՆ 2 ՇԱԲԱԹՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվել առաջ եկած դիրքերից: Ազգային ժողովում հայտնեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, այժմ ամրաշինական և ինժեներական աշխատանքներ են ընթանում:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Ադրբեջանը պետք է հետ գնա մեր սուվերեն տարածքից, դա միանշանակ դիրքորոշում է:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Տեղ գյուղի որոշ բնակիչներ չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Պետությունը խնդրին ժամանակավոր լուծում կտա:
Ռոբերտ Ղուկասյան - Այն տարածքները, որտեղ ինքն այսօր չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
Տավուշի մարզպետն անդրադարձավ անկլավների խնդրին, վերահաստատեց՝ հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշում չկա: Հայկ Ղալումյանը հիշեցրեց՝ Արծվաշենն ու Տավուշի մարզի որոշ տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, ինչպես, օրինակ՝ Բերքաբերին հարակից շուրջ 950 հա տարածքը:
ՍՈԹՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Գեղարքունիքի մարզպետի խոսքով էլ՝ Հայաստանի զինված ուժերի շնորհիվ Ադրբեջանի զինուժը չի կարողացել քաղաքացիական օբյեկտներ թիրախավորել, սակայն անվտանգային ոչ բոլոր խնդիրներն են լուծված:
Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Ունենք դպրոց, որն իրենց կողմից դիտարկվում է:
Ժամանակավորապես դադարեցված է Սոթքի հանքավայրի բաց հատվածի աշխատանքը, քննարկվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին զբաղվածությամբ ապահովելու հնարավորությունը: Պետությունը շարունակում է նաև 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժածներին աջակցությունը:
Կարեն Սարգսյան - Ունենք 4 փլուզված տներ, բայց վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվարկային աշխատանքների ձեռքբերման գործընթացն է հիմա իրակացվում: Առաջիկայում կունենանք հստակ պատկերը և կհասկանանք, թե ինչքան գումար է մեզ պետք, որ այդ տները վերականգնենք:
2021 և 2022 թվականներին ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով իրենց անասուններին կորցրած քաղաքացիներին ևս աջակցություն է տրամադրվել: Մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ վնասը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան