ՊԵԿ-ը արդիականացրել է էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգը: Հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային նոր տարբերակն ունի լրացուցիչ հնարավորություններ: Նորին զուգահեռ դեռ մեկ ամիս էլ գործելու է նաև հինը, և բիզնեսին զգուշացնում են՝ այս ընթացքում գործարքները կատարել դրանցից միայն մեկով:
- Սա ապրանքների մատակարարման հարկային հաշիվ ա, տեսակ, որը հարկ վճարողը լրացրել ա, էս գործարքով ինքը շապիկ ա մատակարարել, 10 հատ շապիկ, 1000 միավորի գնով:
Բիզնեսը որ տնտեսվարողին ի՞նչ մատակարարեց, ընդհանուր որքա՞ն գումարի, դրանից ինչքա՞նն է հարկ՝ ՊԵԿ-ի տեսուչների էկրանին հայտնվում է անմիջապես ձևակերպման պահից։ Սա լրտեսություն չէ, պարզապես այսպես է աշխատում մեծածախ առևտրով զբաղվող, նաև ծառայություններ մատուցող հարկ վճարողների հետ Հարկայինի կապն ապահովող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային համակարգը։ Այն, ի դեպ, մի քանի օր առաջ նորացվել-թարմացվել է։
Արմինե Գրիգորյան (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային տեսուչ) - Հունիսի 1-ից ներդրվել է նոր էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ինվոյսինգ համակարգի վեբ տարբերակը, որը թույլ է տալիս փաստաթղթերը դուրս գրել, չեղարկել, աշխատել՝ առանց համակարգչում հավելյալ ծրագրի տեղադրման:
Նոր համակարգը գործողի՝ արդեն 10 տարի աշխատողի մոդեռնիզացված, տեխնոլոգիական վերջին լուծումներով ու լրացուցիչ հնարավորություններով տարբերակն է՝ ձեռներեցներին վստահեցնում են Պետեկամուտների կոմիտեի IT պատասխանատուները։ Տեղեկացնում, որ, օրինակ՝ էլեկտրոնային ստորագրության համար ներդրել են, ID քարտից բացի, քո-սայեն և էմ Այ Դի տեսակները։ Ըստ փաստաթղթի ձևի-տեսակի՝ ընդլայնել են որոնման հնարավորությւնները, տվել միաժամանակ մեծաթիվ փաստաթղթր ստորագրել-կրկնօրինակելու գործառույթ՝ թվարկում է Արմինե Գրիգորյանը։
Արմինե Գրիգորյան - Նոր ինվոյսինգային համակարգում հնարավոր է նաև տվյալները արտահանել, նաև ապրանքացանկի վերաբերյալ տվյալներով, ավելացել է նաև «ջնջված» ենթաբաժին:
Հարկատուներից ովքեր դեռ չգիտեն՝ ինվոյսինգի թարմացված համակարգ կարելի է մուտք գործել ՊԵԿ-ի նոր կայքից կամ հաշվետվությունների ներկայացման ֆայլ-օնլայնի էջից։ Ապրանք-ծառայությունների մատակարարմամբ, մատուցմամբ զբաղվողները պետք է կարճ ժամկետում սովորեն և անցում կատարեն նոր տարբերակին։ Այժմ երկու համակարգն էլ զուգահեռ աշխատում են, բայց պետք չէ նույն գործարքը, թեկուզ փորձնական, երկուսով էլ ձևակերպել՝ զգուշացնում են տեսուչները։
Արմինե Գրիգորյան - Եթե նույն գործարքի մասին փաստաթուղթը դուրս գրվի և՛ նախկին, և՛ ներկա համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի հարկավոր է դա անել՝ կամ-կամ:
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի նախկին, դեռ գործող համակարգը կանջատվի, և մատակարար բիզնեսի ամբողջ գրագրությունը նորով կիրականացվի մոտ մեկ ամսից։