Խերսոնի շրջանի Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը գիշերը պայթեցվել է. հիդրոէլեկտրակայանն ամբողջությամբ անցել է ջրի տակ: Դնեպրի ջրերը հեղեղել են ցածրադիր շրջանները, այդ թվում՝ Խերսոն քաղաքը: Տեղի ունեցածի հետ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Նա մեղադրել է Ռուսաստանին՝ հայտարարելով՝ ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքի ամեն մետրն օգտագործում են ահաբեկչության համար։ Զելենսկու խոսքով՝ դա հնարավոր կլինի կանխել միայն Ռուսաստանին Ուկրաինայից վռնդելով:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը զգուշացրել է, որ ամբարտակի պայթեցման պատճառով մոտ 80 բնակավայրի հեղեղման վտանգ կա: Մի շարք շրջաններում կազմակերպվել է բնակչության տարհանում։
Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ռուսական ուժերն են թիրախավորել հիդրոէլեկտրակայանը՝ խափանելու ուկրաինական հակահարձակումը: Երկրի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ ռուսական կողմի գործողությունները հանգեցրել են վերջին 10 տարում Եվրոպայի ամենալուրջ տեխնածին աղետին և վտանգել են հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը։
Ռուսական կողմն իր հերթին ամբարտակի պայթեցման համար մեղադրում է Ուկրաինայի ԶՈՒ-ին: Նշվում է, որ ՀԷԿ-ի ենթակառուցվածքներին գիշերը մի քանի հարված է հասցվել: Մասամբ ռուսական վերահսկողության տակ գտնվող Խերսոնի շրջանային իշխանությունները հայտնել են, որ հիդրոէլեկտրակայանի վերանորոգումն այժմ անհնար է։ Նովայա Կախովկայի ղեկավարը նաև տեղեկացրել է, թե ուկրաինացի զինվորականները շարունակում են գնդակոծել շրջանը, իսկ ջրի մակարդակը բնակավայրում բարձրանում է։
Էլեկտրամատակարարումը շրջանում ժամանակավորապես դադարեցվել է: Վլադիմիր Լեոնտևը նաև հայտարարել է, որ հիդրոէլեկտրակայանի պայթեցման պատճառով Ղրիմ ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը սակայն նշել է, որ տարածաշրջանում ջրամատակարարման խնդիրներ չեն լինի, քանի որ Սևաստոպոլի ջրամբարում բավարար պաշարներ կան։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ նշել է, որ տարածաշրջանում ջրհեղեղի վտանգ չկա։
«Ռոսէներգոատոմից» հայտնել են, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Կախովկայի ջրամբարի ափին գտնվող Զապորոժիեի ատոմակայանին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ հովացման համակարգը ռիսկային գոտուց դուրս է:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունից տեղեկացրել են, որ հետևում են Զապորոժիեի ԱԷԿ-ում զարգացումներին: Գործալության հաղորդագրության համաձայն՝ ատոմակայանի միջուկային անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Ռուսաստանին, նա կատարվածը «պատերազմական հանցագործություն» է որակել: