Անտառների պետական հաշվառման վերջին տվյալներով՝ Հայաստանում մեկ շնչի հաշվով անտառածածկ է 0.1 հեկտար տարածք, ինչը մի քանի անգամ ցածր է աշխարհում ընդունված միջին ցուցանիշից: 2016-21 թվականներին արձանագրվել է օրինախախտման 1711 դեպք, ապօրինի հատվել է 42 433 ծառ:
Մեր երկրում ապօրինի անտառահատումներից խուսափելու և ոլորտը կանոնակարգելու համար շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է Հայաստանի անտառային քաղաքականության ռազմավարության և գործողությունների նոր ծրագիր, որով առաջարկվում է անտառների կառավարման մոդելը որոշակի փոփոխությունների ենթարկել, իրականացնել անտառվերականգնման միջոցառումներ:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանի՝ ոլորտային խնդիրները բազմաթիվ են, բայց 2005-ին ընդունված ռազմավարության բացերը թույլ չեն տալիս լուծել դրանք: Առաջարկվող նախագծում բոլոր խնդիրները ներառված են:
Արթուր Պետրոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային քաղաքականության վարչության պետ) - Ամբողջությամբ վերանայվում է անտառի ազգային ծրագիրը, քաղաքականությունը և ռազմավարությունը գործողությունների միջոցառումների ծրագրով, նաև նախատեսվում է հիմնել նոր կառույց՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը, որով էլ փորձում ենք այնպես անել, որ անտառների պահպանությունն ու արդյունավետությունը դառնա էլ ավելի բարձր մակարդակի:
Նոր ռազմավարության հիմնական նպատակը անտառների կայուն կառավարման ապահովումն է: Նախագծով նախատեսվում է ուժեղացնել անտառների պահպանությունը, վերականգնել անտառային լանդշաֆտները, բարձրացնել ծառերի դիմակայունությունը և հարմարվողականությունը:
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ մեր երկրում քաղաքացիները անտառի նկատմամբ ունեն սպառողական վերաբերմունք, և անտառը պահպանելու էկոկրթական գիտակցումը ցածր մակարդակի վրա է: Սրա պատճառներից մեկն այն է, որ որոշ համայնքներում ծառերը ծառայում են որպես վառելափայտ:
Ըստ Բուռնազյանի՝ ռազմավարության ճիշտ կիրառման դեպքում ոլորտում անհանգստացնող շատ խնդիրներ լուծում կգտնեն:
Վիկտորյա Բուռնազյան («Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության փոխնախագահ) - Երբ ունենանք ֆինանսներ և կարողանանք հստակ վերահսկողություն իրականացնել, գործի այն օրենքը, որ 24 ժամ վերահսկողություն լինի անտառի նկատմամբ, և այն բոլոր դրական կետերը, որոնք նշվել են ռազմավարության մեջ, կարողանանք կյանքի կոչել՝ ունենալով ֆինանսներ և կարողություններ դրանք կյանքի կոչելու, բնականաբար, այն դրական ազդեցություն կունենա:
Նախագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության: Պետրոսյանը վտահեցնում է՝ ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց դրական տեղաշարժը անկառու կլինի:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան