Նոր լուծումներ`«Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի փաթեթում. գործող օրենքով՝ եթե պահանջատերն ու պարտապանը համաձայն են հետաձգել վճարումը, պարտադիր պետք է դիմեն դատարան: Արդարադատության նախարարության նախաձեռնած փոփոխությամբ առաջարկվում է՝ փոխադարձ համաձայնության դեպքում հարցը լուծել արտադատական կարգով: Նախագծի ընդունման դեպքում կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը:
Վահագն Դալլաքյան (Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձագետ) - Դատարանները այն պարագայում, երբ կողմերի մեջ վեճ չկա, ստիպված չեն լինի, ըստ էության, մեխանիկական, տեխնիկական աշխատանքը կատարել, իսկ դուք գիտեք, որ դատարանների ծանրաբեռնվածությունը էսօր դատական համակարգի կարևորագույն խնդիրներից է, և տարբեր գործիքներով փորձ է արվում այդ ծանրաբեռնվածությունը նվազեցնել:
Գործող օրենքով չկա նաև գույքի բռնագանձման հերթականությունը փոփոխելու հնարավորություն: Նախագիծն այդ հարցի լուծման տարբերակ է առաջարկում: Պարտքի դիմաց, ենթադրենք՝ ավտոմեքենան է որոշվում բռնագանձել, մինչդեռ դա քաղաքացու համար ապրուստի միջոց է ապահովում, և նա պարտքի չափին համարժեք այլ գույք է առաջարկում: Պարտապանին հնարավորություն կտրվի նաև արգելադրված գույքը ինքնուրույն վաճառել՝ շուկայական արժեքով և մարել պարտավորությունը:
Էլինա Գեղամյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Քանի որ պարտապանները շատ հաճախ բողոքում են, որ իրենց գույքը կատարողական վարույթում էժան գնով է վաճառվում, եթե իրենք հնարավորություն ունենային, շատ ավելի բարձր գնով կվաճառեին:
Գործող օրենսդրությամբ՝ երբ իրացվում է պարտապանի համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքը, պարտապանից բացի՝ մյուս սեփականատերերը կատարողական վարույթին մասնակից չեն լինում, ինչը դժգոհություններ է առաջացնում:
Էլինա Գեղամյան - Առաջարկում ենք կատարողական վարույթում ներդնել երրորդ անձանց ինստիտուտը, բացի դրանից, սահմանել հարկադիր կատարողի պարտականությունը, անկախ երրորդ անձի կարգավիճակ տալուց այս անձանց, նրանց ծանուցել իրենց առնչվող կատարողական բոլոր գործողությունների կատարման մասին:
Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ին: Պատասխանատուները նշում են՝ ցանկանում են կատարողական վարույթի մասին օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան