ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ աշխարհում մեծանում է հակամարտությունների հավանականությունը:
«Այս բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների սահմաններին ստեղծված իրավիճակի վրա»,- նշել է պաշտոնյան կազմակերպության միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Նա նաև հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակասությունների պատճառով։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Վաղ առավոտյան Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Կիևում գործարկվել է ՀՕՊ համակարգը, 20-ից ավելի հրթիռ է խոցվել: Ավելի ուշ Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը քաղաքացիական շինություններ է թիրախավորել է Ումանում և Դնեպրում: Տուժածներ կան նաև Կիևի մերձակայքում գտնվող բնակավայրերում:
Վոլոդիմիր Զելենսկին էլ տեղեկացրել է, որ Ումանում շուրջ 10 բազմահարկ շենք է վնասվել, առնվազն 17 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական բանակն արդեն մեծ հաշվով պատրաստ է հակահարձակման։ Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ այժմ համապատասխան որոշումը պետք է կայացնի երկրի գլխավոր շտաբը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները դեռ շարունակում են արևմտյան ռազմատեխնիկայի կիրառման դասընթացները։
«Մենք մեծ թվով տարբեր տեսակի զրահատեխնիկա ունենք: Հակահարձակման նախապատրաստական փուլը, ընդհանուր առմամբ, ավարտին է մոտենում: Կարևոր են նաև եղանակային պայմանները»,- հավելել է Ռեզնիկովը:
Պաշտպանության նախարարը նաև հավատացրել է, որ մարտի դաշտից ամեն օր լավ նորություններ են ստացվում՝ հաշվի առնելով, որ ուկրաինական կողմն արդեն 8 ամիս է՝ պահում է Բախմուտը և թույլ չի տալիս ռուսական ուժերին ամբողջական վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:
Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավոր վերսկսման մասին՝ Ռեզնիկովն ընդգծել է՝ Ռուսաստանի ներկայիս իշխանության հետ Կիևը չի խոսի: «Բանակցություններ դեռ կլինեն, սակայն դրանք կլինեն Մոսկվայի կապիտուլյացիայի և մեր երկրի կրած վնասների փոխհատուցման մասին»,- շեշտել է նախարարը։
ԻՐԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԳՈՐԾԱԿՑԵԼ ՇՀԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Իրանը պատրաստ է ընդլայնելու ներգրավվածությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ ռազմածովային զորավարժություններում՝ Նյու Դելիում կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։
«Իրանը ձգտում է ավելի ակտիվ գործակցել ՇՀԿ-ի անդամների հետ նաև անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցում»,- նշել է Մոհամմադ Ռեզա Աշտիանին: Նա նաև մեղադրել է ՆԱՏՕ-ին ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում վարած քաղաքականության համար։
ՌԴ պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան բարձրացնում է Ղրղզստանում և Տաջիկստանում իր ռազմաբազաների մարտական պատրաստականության մակարդակը: Սերգեյ Շոյգուն նշել է՝ այսպիսով Մոսկվան արձագանքում է Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայությունը վերականգնելու՝ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների փորձերին։
Վերջին շրջանում Արևմուտքն ակտիվացրել է շփումները Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Փետրվարին Էնթոնի Բլինքենը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ այցելել է Ղազախստան և Ուզբեկստան՝ ընդլայնելու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները:
ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է՝ Վաշինգտոնը պատրաստ է օգնելու Ղազախստանին՝ նվազագույնի հասցնելու երկրի համար հակառուսական պատժամիջոցների տնտեսական հետևանքները։
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 600 ԶՈՀ ԿԱ
Սուդանում երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև ապրիլի 15-ից սկսված բախումները չեն դադարում: Չնայած վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ արդեն հինգերորդ անգամ հայտարարված հրադադարին, Սուդանի տարբեր հատվածներում, մասնավորապես մայրաքաղաք Խարթումում կրակոցներ և պայթյուններ են լսվում: Վերջին տվյալով՝ քաղաքացիական բնակչության շրջանում առնվազն 600 մարդ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ: Սուդանցիները, ինչպես նաև օտարերկրացիները տարհանվում են: Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Սուդանից մարդկանց տարհանող թուրքական ռազմական ինքնաթիռ է գնդակոծվել, տուժածների մասին տեղեկություններ չկան։