Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում է՝ իր ենթակայի` թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով ցուցմունք տալու:
Վլադիմիր Գասպարյան. «Արշակն ա Հակոբյան, Վովայի Արշակն ա»:
Այսպես պատասխանեց Գասպարյանը դատավորի հարցին, թե ներկաներից ում է ճանաչում, նշեց, իր ենթակայի հետ նորմալ հարաբերություններ ունի:
Արշակ Հակոբյանը մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Ըստ մեղադրանքի՝ նախկին ոստիկանապետը, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից խուսափելու նպատակով, 2013-ին Արշակ Հակոբյանին հանձնարարել է 151 միլիոն դրամով «Ավանգարդ մոթորս» ընկերությունից ձեռք բերել 2 մեքենա և հաշվառել իր անվամբ: Նախկին ոստիկանապետն ասաց՝ ինքը միշտ է ունեցել մեքենաներ և պարբերաբար փոխել դրանք:
Գասպարյանն անդրադարձավ նաև այն դրվագին, որ մեքենան գնվել է իր կնոջ աշխատավարձով, ասաց՝ այդ աշխատավարձով նման մեքենա չէր կարող գնել:
Վլադիմիր Գասպարյան - Ես ունեի Հելենվագեն, մենք իմացանք, որ սերվիսիում նոր մոդել ա դուրս եկել Մերսեդեսի, տվել եմ, ասել եմ` էդ վաճառեք, գնանք, էնտեղ էդ նոր մոդելը առնենք, հանձնարարել եմ` գնացել, առել են: Ինչ վերաբերում է, որ իմ կինը չի աշխատել, էդ գումարով է հավաքվել, անկեղծ ասած` էդ աշխատավարձով չեն կարա Մերսեդես առնես, ինքը բավականին թանկ է: Կարող ա խադունոկ գնել, բայց ոչ մեքենա, կամ էլ կոսմետիկայի բաներ գնել, ես աղքատ մարդ չեմ, ես ինձ աղքատի տեղ չեմ դրել, հիմա էլ փող ունեմ:
Գասպարյանն ասաց՝ մեքենայի գումարը առձեռն է տվել Հակոբյանին, պաշտպանական կողմից հարցին՝ գումարը փոխանցելիս արդյոք նշել է` որտեղից այն, նախկին ոստիկանապետը պատասխանեց.
Վլադիմիր Գասպարյան - Ինքը կարող է ինձ զեկուցի` ինչ է անում, որտեղից, դու մտածո՞ւմ ես, ինչ ես խոսում, ինձ կներես, բայց դու ինձ շատ լավ ճանաչում ես, իհարկե ոչ:
Դատավոր Վարդգես Սարգսյանն ասաց ՝ ըստ մեղադրանքի մեքենայի գումարը հանցագործ ճանապարհով է ձեռք բերվել: Գասպարյանը պատասխանեց. «Հիմա ապօրինի հարստացումով ես անցնում եմ, կարծում եմ` ես այդտեղ հաշվետվություն կներկայացնեմ և կգցեմ ամեն ինչ իր տեղը, ոչ գողություն ենք արել, ոչ հանցագործություն, մի հատ դեպք չկա, և չի կարող լինել: Օրինական եկամուտներից մենքենա եք առել, վաճառել, սենց ենք արել, նենց ենք արել»:
Ըստ նախկին ոստիկանապետի` Ռուսաստանում սովորելու ընթացքում բիզնեսով է զբաղվել:
Վլադիմիր Գասպարյան - Սև խավիարի բիզնեսով, և այնտեղ բավականին հարուստ եմ եղել: Վերադարձել եմ բավականին լավ գումարներով, Ֆորդս եմ գնել, դրանից հետո անընդհատ փոխել եմ մեքենաները:
«Լուրեր»-ը փորձեց նիստից հետո պարզել, թե սև խավիրարի բիզնեսով որքան գումար է աշխատել, որ կարողացել է պարբերաբար մեքենաներ փոխել.
Վլադիմիր Գասպարյան - Դուք ասում եք... չեմ պատասխանի Ձեր հարցին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան