ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հինգերորդ շարասյան առկայության մասին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեռուստատեսությամբ ռեպորտաժ է տեսել մի քրեական գործի վերաբերյալ այն մասին, որ ադրբեջանական կողմը գրոհել է և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ գրավել բարձունքը, և հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, որ իր լիազորությունները զանցառելով, ըստ էության, գնացել և հրամայել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողեք այդ բարձունքը.
«Ու չկա բացատրություն, թե ինչու է հետ հանձնվում: Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որ հույս ունեմ՝ կդառնա հեռուստատեսային ռեպորտաժի թեմա, որ գործողություն է արվել, օրինակ՝ երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում, որ թողնեն դիրքերը, գնան, կամ պայմաններ է ապահովում, որ հակառակորդն առանց որևէ բարդության գրավի տարածքներ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իր տարբերակը, թե ինչու է դա արվել, հետևյալն է: «Ես մտածում եմ՝ կարող է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ: Ես նրան հրաման չեմ տվել, ուրեմն նա ուրիշ տեղից հրամաններ է ստացել և կատարել է: Քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ավելի լուրջ մեղադրանք կստանա՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք. յոթ տարի է հասնում, դատեք, որովհետև մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր առոք-փառոք կյանքը, կպարզվի, զրոյի արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է»,- ասաց վարչապետը:
Անդրանիկ Քոչարյանն ավելացրեց, որ հինգերորդ շարասյունից բացի, կարող է «վեցերորդն» էլ կա, որովհետև խոշորամասշտաբ մի բլոգեր գրել էր, որ Եռաբլուրում ծառատունկի փոսերը ծառատունկի փոսեր չեն, դրանք արդեն մտածված դիակների համար փոսեր են:
«Այդպիսի բան կարող է անցնել, երբ որ ստանում է հրահանգ, որ ամեն ինչ երկրում մտցնեն ռեժիմի մեջ, որ անվստահություն լինի ոչ միայն պետականության, այլև առաջին հերթին իշխանությունների և զինվորականության նկատմամբ»,- ասաց նա:
«Ինչու»-ների, հարցերի մի շղթա է, եթե հարցերի այդ շղթան շարունակենք, կարող է նաև հետևությունն այն լինել, որ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախը կարող է ամենևին էլ ԼՂ-ն չէ, առաջնային թիրախը ՀՀ-ն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: