Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների անսահման սիրո դրսևորումն է:
Մաղթում եմ ձեզ անսպառ ընտանեկան երջանկություն և չխամրող գեղեցկություն:
Սիրելի կանայք,
Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն: Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան, և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները:
Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար:
Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն ու անսահման սեր, հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում»: