Տարբեր մասնագիտություններ ունեցող 73 անձ արդեն պատրաստ է դպրոցում դասավանդելու: Ավարտվել է բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող մասնագետների կրեդիտավորման առաջին փորձնական փուլը: Չորսամսյա դասընթացներին հաջողությամբ 30 կրեդիտ հավաքած մասնակիցները այսօր հավաստագիր են ստացել:
Նաիրա Սաֆարյան (Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր) - Ծրագիրն արդարացված էր, և շատ տեղին է ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով ներկայումս դպրոցում ուսուցիչների պահանջարկը: Մի մասն արդեն գնացել են դպրոցներ, մնացած մասն էլ հավաստագրեր ունենալուց հետո, վստահ եմ, կմտնեն դպրոց և կլրացնեն այն բացը, որը կա դպրոցներում:
Առաջին փուլին դիմել էր ավելի քան 100 հոգի, դասընթացներին մասնակցելու իրավունք ստացել էր նրանցից 74-ը: Հավաստագիր չի ստացել միայն 1-ը: Ընտրվել են ոլորտային բազային կրթություն ունեցող մասնագետները, որոնք դասընթացների արդյունքում նաև ստացել են մանկավարժահոգեբանական և մեթոդական գիտելիքներ: Արդեն պրակտիկ հմտությունները լրացվել են դպրոցներում դասավանդելով:
Արթուր Թադևոսյան (Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ) - Բակալավրական կրթության 4 տարին և մագիստրատուրայի 2 տարին 30 կրեդիտով լրացնելը գրեթե անհնար է, բայց դա լուծում է, որովհետև իրենցից մեծ մասը առանց մանկավարժական հմտություններն ունենալու և մեթոդական ապարատին տիրապետելու, արդեն իսկ դասավանդում են: Այսինքն՝ փորձը կա, պետք է մի քիչ ուղղորդել մանկավարժական տեսանկյունից:
Դպրոցներում հատկապես բնագիտա-մաթեմատիկական գծով ուսուցիչների խիստ պակաս կա: Բացը լրացնելու համար Հանրակրթության մասին օրենքով ոլորտի մասնագետներին հնարավորություն է տրվել նախքան հավաստագրվելը՝ սովորելուն զուգահեռ, աշխատել դպրոցում, ինչը, ըստ ծրագիրը մշակողների, հավելյալ խթան կհանդիսանա, որ դպրոցներում թափուր տեղերը արագ լրացվեն:
Լուիզա Իրիթյան (ֆիզիկայի ուսուցչուհի) - Ես արդեն սեպտեմբեր ամսից մտել եմ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց աշխատելու: Այս կուրսերն ինձ տվել են շատ բան, թե ժամանակակից պայմաններում ինչպես պետք է վարվել աշակերտների հետ, ինչպիսի մոտեցումներ պետք է ցուցաբերենք դասի ընթացքում, ինչ նորմեր ու չափորոշիչներ կան:
Արդեն մեկնարկել է դասընթացների երկրորդ փուլը, որին մասնակցելու համար ընտրվել է 54 մասնագետ: Կազմակերպիչների խոսքով՝ հաշվի են առնվել առաջին փուլի թերությունները և մասնակիցների առաջարկները: Վստահեցնում են՝ այս տեմպերով առաջիկայում դպրոցները կհամալրվեն գիտակ մասնագետներով:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան