Հանրային հեռուստաընկերությունը 2023 թվականը կդիմավորի դասական երաժշտությամբ: Ըստ հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Արշալույս Հարությունյանի՝ Հանրայինն այդպիսի փորձ արդեն ունի, և հեռուստադիտողից հիմնականում դրական արձագանք են ստացել:
Արշալույս Հարությունյան (Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր) - Հանրային հեռուստաընկերությունը նպատակ է դրել քարոզել, նաև պրոպագանդել բարձրաճաշակ արվեստ և լավ երաժշտություն: Այս տրամաբանության մեջ, կարծում ենք, այս համերգը շատ հրաշալի արձագանք կունենա:
Հանրայինի հեռուստադիտողին ամանորի գիշերը սիմֆոնիկ երաժշտություն ունկնդրելու հնարավորություն կընձեռի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հնչելու են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հայտնի ու սիրված դասական երգեր, որոնք նվիրված են Ամանորին ու Սուրբ Ծնունդին:
Սերգեյ Սմբատյան (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) - Ունենք Խաչատրյան, Բաբաջանյան, Անդերսեն և շատ-շատ ստեղծագործություններ, որ իսկապես շատերը գիտեն այդ երաժշտությունը, բայց չգիտեն, որ դա դասական երաժշտություն է: Նույնիսկ հնչում է ֆիլմերից, գովազդներից, բայց դրանք դասական ստեղծագործություն են, նաև հայկական են և տարբեր են:
Հանրայինի ու սիմֆոնիկի թիմն արել է հնարավորը, որ դասական համերգը հեռուստադիտողին դուր գա: Գործի են դրվել տեխնիկական լուրջ միջոցներ: Արշալույս Հարությունյանը վստահեցնում է՝ նպատակը նաև երաժշտական ճաշակ թելադրելն է:
Արշալույս Հարությունյան - Հատկապես ուրախալի է այն հանգամանքը, որ ժամանցային, նույնիսկ զվարճալի հեռուստանախագծերի կողքին կա նաև դասական երաժշտության ֆորմատը: Մենք ամեն ինչ արել ենք` լավագույն ուժերը, լավագույն մասնագետներ, որպեսզի կարողանանք ունենալ այս ֆորման, այսինքն` դասական երաժշտության հեռուստատեսային տարբերակը լինի որակյալ, լինի մրցունակ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ 2023 թվականին համերգը հեռարձակելու է նաև «Մեցցո» հեռուստաընկերությունը, ընդ որում` տարվա ընթացքում մի քանի անգամ: Մաեստրո Սերգեյ Սմբատյանը սա կարևոր ձեռքբերում է համարում, նշում՝ կարևոր քայլ է հայկական դասական երաժշտությունը հանրահռչակելու տեսանկյունից: Երաժշտական Mezzo հեռուստաընկերությունը ցուցադրվում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Ունի ավելի քան 60 միլիոն բաժանորդ։
Հեղինակներ` Հովհաննես Վարդանյան, Լիլիթ Դանիելյան