Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացնում է թունաքիմիկատների ներմուծման պահանջները: Այսուհետ պարտադիր կլինի պեստիցիդն արտադրող երկրի և կազմակերպության մակնշումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: ՍԱՏՄ ղեկավարի այս որոշումն արդեն ծանուցվել է թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող 30 կազմակերպությունների: Մինչև այս պահը գործող կարգով ներկրվող թույլատրելի թունաքիմիկատների անվանական ցանկ կար, սակայն ծագման երկրի և արտադրողի նշումը պարտադիր չէր:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Չի բացառվում, որ գրանցված հայտնի երկրի կողմից արտադրված պեստիցիդի փոխարեն բերվեր կոնտրաֆակտ, որն ունենար նույն անունը, նույն ազդող նյութը:
Թեև ՍԱՏՄ-ն ներկրվող թունաքիմիկատներում պարտադիր լաբորատոր ստուգում էր ազդող նյութի չափորոշիչների համապատասխանությունը, սակայն միևնույն է՝ եթե ծագման երկիրն ու արտադրողը նշված չէին, դա կարող էր դիտարկվել ապրանքի նմանակում ու կեղծում:
Գեորգի Ավետիսյան - Գրանցված պեստիցիդների ցանկում ավելացվել է ևս մեկ տող, որտեղ գրված կլինի արտադրող երկիրը, և դրան ուշադրություն դարձնելով՝ արդեն սահմանին այլևս թույլ չենք տա, որ այդ կոնտրաֆակտը ներմուծվի Հայաստանի տարածք:
Շուտով կարգելվի նաև թունաքիմիկատների վաճառքի չափածրարում հասկացությունը: Հաճախ խանութներում թունաքիմիկատները վաճառում են փոքր չափաբաժիններով, սրվակներով կամ վերափաթեթավորած, որոնց վրա բացարձակ մակնշում չկա, ինչն էլ թերևս թունաքիմիկատների նկատմամբ ֆերմերի անվստահության առիթ է դառնում:
Գեորգի Ավետիսյան - Վերափաթեթավորման ժամանակ ոչ մի ֆերմեր չգիտի՝ ինչ է գնում և չգիտի ինչպես այն օգտագործել, կարողա խանութում բանավոր ասեն բայց դա բավարար չի որ ճիշտ օգտագործեն:
Ըստ ՍԱՏՄ ղեկավարի՝ վերափաթեթավորված ցանկացած թունաքիմիկատի չափաբաժին ևս պետք է ունենա մակնշում՝ սկսած ծագման երկրից մինչև օգտագործման ցուցումներ: