2022 թ․ նոյեմբերի 5-9-ը աշխատանքային այցով Իրանի Քերման նահանգ է այցելել Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Արմավիրի պատվիրակությունը Քերմանում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Քերման նահանգի նահանգապետ Մոհամադ Մեհդի Ֆադաքարի, Քերման քաղաքի քաղաքապետ Սաիդ Շարբաֆ Թաբրիզի և Քերման նահանգի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի պատասխանատուների ու մի շարք գործարարների հետ:
Հանդիպումներին զուգահեռ հայկական պատվիրակությունն այցելել է Քերման նահանգում մի քանի արդյունաբերական գործարաններ, Քերմանի համալսարան ու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված մի քանի պատմամշակութային կոթողներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արմավիր և Քերման քաղաքների հնարավորությունները՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտներում:
.jpg)
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զարգացնել երկու քաղաքների առևտրական և գործարար շրջանակների համագործակցությունները: Այցի շրջանակներում ստորագրվել է Արմավիր և Քերման քաղաքների «քույր քաղաքներ» հռչակելու և համագործակցության փոխըմբռնման հուշագիրը երկու քաղաքների քաղաքապետների միջոցով:
.jpg)