Մենք այսօր հպարտանում ենք, որ աշխարհի 165 երկրների շարքում Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում։ Սա նաև ինչի՞ շնորհիվ. որովհետև Հայաստանն ապացուցել է, որ շուկայական տնտեսությամբ երկիր է. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրանից բխող հարցը հետևյալն է. «Այո՛, կան մտահոգություններ, բայց կան նաև շուկայական իրողություններ. եթե կառավարությունն անհարկի միջամտություններ իրականացնի փոխարժեքի հետ կապված, ես համոզված ասում եմ, որ դրանից մեր տնտեսությունը միայն կտուժի, միայն կկորցնի։ Մենք տեղյակ ենք այդ մտահոգություններին, և մեր տնտեսական թիմը, այդ թվում՝ ԿԲ փորձագետների, ներկայացուցիչների հետ անընդհատ քննարկում ենք, և մենք կարծում եմ՝ վարում ենք ճիշտ տնտեսական քաղաքականություն, և այդ ճիշտ տնտեսական քաղաքականության արգասիք է այն աննախադեպ տնտեսական աճը, որ այսօր ՀՀ-ն ունի։ Բայց ես չեմ ասում, որ մենք չպետք է լսենք գործարարների ահազանգերը, այդ ահազանգերը պետք է արձանագրենք, վերլուծենք, եթե կա օբյեկտիվ խնդիր, այդ խնդրին պետք է արձագանքենք ճիշտ գործիքակազմերով։ Որևէ կերպ ՀՀ-ն փոխարժեքին և ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությանը չպետք է խառնվի, որովհետև հակառակ դեպքում մենք շուկայական տնտեսության համարումը կկորցնենք, ինչը շատ կարևոր է միջազգային տնտեսական քարտեզի վրա դրական երևալու առումով»։
Փաշինյանը վստահեցրեց, որ քաղաքացիներն իրենց մաշկի վրա այսօր զգում են տնտեսական աճը։
«Մենք հոկտեմբերին աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել ՀՀ-ում։ Ընդ որում, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 16 տոկոս աշխատավարձի աճ է տեղի ունեցել։ Մենք այս տարի թոշակն ենք բարձրացրել։ Գիտեք, որ թոշակառուների անկանխիկ գործարքների հետվճարի համակարգն է ներդրվել։ Մյուս տարի ևս մեկ անգամ թոշակի բարձրացումներ են լինելու։ Տեղի է ունենալու նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- ասաց նա՝ նշելով, որ առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների ավելացումը կամ լավ ճանապարհները ևս կենսամակարդակի փոփոխություններ են առաջացնում։
«Հաջորդ տարվա բյուջեն լինելու է աննախադեպ, այս տարվա բյուջեն էլ է աննախադեպ։ Սակայն ամեն ինչ վարդագույն չէ, որովհետև մենք գիտենք, որ գործ ունենք ահռելի գնաճի հետ, որը հայաստանյան երևույթ չէ: Ընդհակառակը, արդեն միջազգային զեկույցներ կան, որ տարածաշրջանում ՀՀ-ում գնաճը թերևս ամենացածրն է կամ ամենացածրերից մեկը։
Մեր մեծագույն պրոբլեմը գնաճն է, որը գլոբալ երևույթ է, և անվտանգային միջավայրի հետ կապված հարցերը, որոնք այսօր ավելի շատ են հուզում մարդկանց»,- նշեց Փաշինյանը։