Նախորդ ամիս առաջին անգամ անցկացվեց համահայկական գագաթնաժողովը: Եկեղեցին և քաղաքական որոշ ուժեր չմասնակցեցին գագաթնաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության հարցին, թե արդյոք իշխանության և եկեղեցու միջև պառակտում կա՞:
«Իշխանության և եկեղեցու պառակտման մասին խոսել ճիշտ չէ, որովհետև իշխանությունն ու եկեղեցին տարբեր մարմիններ են և իրարից անջատ: Հետևաբար պառակտման մասին խոսել չի կարելի: Եթե այդ խոսույթն ընկալելի է, ուրեմն իշխանության և եկեղեցու հարաբերությունների կամ պետության և եկեղեցու հարաբերությունների սխալ ընկալումների վրա ենք հիմնված: Կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում շատ կարևոր մի բան` ձևավորվում են պետության և եկեղեցու նոր հարաբերություններ: Իմ կարծիքով՝ նաև ձևավորվում են Հայաստան-սփյուռք նոր հարաբերություններ:
Այդ ձևավորումը տեղի է ունենում հաջող, որովհետև միանշանակ է, որ համաշխարհային հայկական գագաթնաժողովն անցել է շատ հաջող, ես արդեն հենց մասնակիցներից առաջարկներ եմ ստացել, որ այդ գագաթնաժողովը դառնա ամենամյա: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին այդ հանձնարարականը տվել եմ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` գագաթնաժողովը հնարավորություն է տալիս շփվել սփյուռքի բացարձակ մեծամասնության հետ:
Վերադառնալով եկեղեցի-պետություն հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց.
«Չեմ կարծում, թե հարաբերությունների վերադասավորումը սխալ է: Ընդհակառակը, կարող է ի վերջո հնարավորություն ստեղծվել, որպեսզի եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով ու ավելի համապարփակ անդրադառնա հոգևոր հարցերին, խնդիրներին ու հոգևոր օրակարգին:
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ընտրության ազատությունը հռչակել ենք որպես կարևորագույն արժեք, յուրաքանչյուր ինստիտուտ ինքն է որոշում՝ մասնակցի՞, թե՞ չմասնակցի: Մենք ցանկացել ենք, որ մասնակցի, մենք աշխատել ենք, որ մասնակցի, բայց ի վերջո որոշումը կայացնում են իրենք»: