ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության այն հարցին, թե ինչու համաձայնեց դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:
«Երբ ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այն ժամանակ Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում: 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո այդ քննարկումները կային, 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի սրվեցին: Ընդհանրապես մեր քաղաքական թիմում այդ հարցը կար, թե արդյոք պե՞տք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգի: Մեր կուսակցության ծրագրում արձանագրել ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը հարմար ենք համարում ՀՀ-ին:
Համոզված եմ, որ հենց կառավարման խորհրդարանական համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կոլապսից և կործանումից հետո փրկել մեր պետությունը: Խորհրդարանական կառավարման երկրներում ընդունված է, որ վարչապետը նաև կառավարող կուսակցության ղեկավար է»,- ասաց Փաշինյանը: