ԱԼԻԵՎԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, այն եղել է դռնփակ և տևել մեկ ժամ։
Ալիևի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանի ղեկավարը և Էրդողանը քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Նախագահները նշել են երկու երկրի միջև բոլոր ոլորտներում բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-Ը ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎՐԱ. ՍԱԼԻՎԱՆ
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ռազմական աջակցության հերթական փաթեթը, որը կներառի նաև հակաօդային պաշտպանության համակարգեր՝ տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ճնշում չեն գործադրում Ուկրաինայի վրա և չեն ստիպում բանակցել Մոսկվայի հետ, այլ խորհրդակցում են Կիևի հետ՝ որպես գործընկերոջ։ Սալիվանի խոսքով՝ ուկրաինական կողմը պետք է ինքնուրույն որոշի իր դիվանագիտական օրակարգը։
«Բանակցությունների հավանականության մասին ոչինչ ասել չեմ կարող: Այս պահին Ուկրաինան կենտրոնացած է երկրի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության վրա և փորձում է վերականգնել իր տարածքը»,- մանրամասնել է Սալիվանը:
Պաշտոնյան անդրադարձել է նաև Բալիում նոյեմբերի 15-16-ը կայանալիք G20-ին: Սալիվանի խոսքով՝ Ջո Բայդենը գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ, սակայն կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Նրանք կքննարկեն Վաշինգտոնի և Պեկինի միջև կապի ուղիների ընդլայնման և փոխշահավետ գործակցության հնարավորությունը, ինչպես նաև համաշխարհային զարգացումները։ Ակնկալվում է, որ անդրադարձ կլինի նաև Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հրաժարվում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, սակայն չի տեսնում Կիևի պայմաններով խաղաղություն հաստատելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ես չեմ փակել այդ դուռը: Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, բայց արդեն ուրիշ Ռուսաստանի հետ, որը իսկապես պատրաստ է խաղաղության: Ուկրաինայի բոլոր, այդ թվում՝ 2014 թվականին Ռուսաստանի օկուպացրած տարածքները, պետք է վերադարձվեն»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրի հարավում 41 բնակավայր անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
ՌԴ-Ն ԽԵՐՍՈՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՈՒՆԻ 40 000 ԶԻՆՎՈՐ. ՌԵԶՆԻԿՈՎ
Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ ռուսական զորքերը Դնեպրի ձախ ափ տեղափոխելու մասին որոշումը շատ բարդ է կայացվել: Նա, այնուհանդերձ, համոզմունք է հայտնել, որ հետագայում Ռուսաստանը կվերականգնի վերահսկողությունը հանրաքվեների արդյունքում երկրի մաս դարձած բոլոր տարածքների նկատմամբ:
Կիևի համոզմամբ՝ չնայած նահանջի մասին հայտարարությանը՝ Ռուսաստանը Խերսոնում 40000 զինվոր ունի, ուժեր են կենտրոնացած նաև քաղաքի շրջակայքում և Դնեպրի արևմտյան ափին: Պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը նշել է՝ դժվար է կանխատեսել Ռուսաստանի գործողությունները, հարկավոր է կենտրոնանալ սեփական մարտավարության մշակման վրա: Ռեզնիկովը նաև կարծիք է հայտնել, որ ձմռանը ռազմական գործողությունների դինամիկան կդանդաղի՝ հնարավորություն տալով կողմերին վերախմբավորվել: