Այսպես օրհներգի հնչյուններով է մեկնարկում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:
100-ամյա հոբելյանը արձանագրումն է, որ մանկավարժի մասնագիտությունը ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է ուսանողներին, դասախոսներին, շրջանավարտներին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 100-ամյակը լավ առիթ է ամփոփելու կատարված աշխատանքը, բայց առավել ևս լավ առիթ է՝ պլանավորելու ապագան: Եվ այն ապագան, որ մենք կպլանավորենք և կիրականացնենք մանկավարժական կրթության ոլորտում, ահա այդ ապագան իր պլանավորման և իրականացման որակի տեսքով որոշ ժամանակ անց կդառնա իրականություն:
Բուհը հիմնադրվել է այն ժամանակներում, երբ անգրագիտությունը համատարած երևույթ էր: Ցավոք, 100 տարի անց մարտահրավերները նույնն են՝ ընդգծում է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, օրինակ, մինչև 10 տարեկան երեխաների մի շատ մեծ տոկոս ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Սա ազգային անվտանգության խնդիր է: Առանց չափազանցության: Եվ մենք այսօր այս խնդիրը լուծելուն ուղղված քայլերի անխուսափելիության առաջ ենք կանգնած: Դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկված են իսկապես մասշտաբային և խոր բարեփոխումներ: Այդ բարեփոխումների անկյունաքարային իմաստն ընդգծելն է կրթության, հանրակրթության, նախադպրոցական կրթության անկյունաքարային և ռազմավարական նշանակությունը: Բայց և ընդգծելն է, որ առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, առանց պրոֆեսիոնալ ուսուցչական խավի այդ խնդիրը հնարավոր չի լինելու լուծել: Եվ հետևաբար՝ մանկավարժական կրթության հետագա զարգացումը մեզ համար ունի անկյունաքարային նշանակություն:
Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկումն ու եռապատկումը: Գործընթացը մեկնարկել է, և այն շարունակական է լինելու:
Նիկոլ Փաշինյան - Այսօր մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ուսուցիչներն ստանան 400.000 դրամ աշխատավարձ, բայց դա միայն սկիզբն է: Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը պիտի ստանա 800.000, 1.000.000, 1.200.000 դրամ աշխատավարձ: Նույնը վերաբերում է նաև ուսուցիչներ պատրաստող դասախոսներին, որովհետև նրանց պատասխանատվությունն առավել մեծ է, նրանց աշխատանքի արդյունքն առավել էական է իմ նշած գործընթացի հաջող ձևակերպման և հանգուցալուծման համար:
Բուհի անցած ճանապարհը բարդ է եղել, բայց այն մնացել է ակունքներին հավատարիմ: ԿԳՄՍ նախարարի դիտարկումն է:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Եվ այսօր Կառավարության ծրագրում մի ահռելի ծավալ հենց վերաբերում է մանկավարժական կրթությանը, ռազմավարություն ենք մշակել, որը ԱԺ-ում է, որտեղ դրել ենք հավակնոտ թիրախներ:
Բուհում հիմնադրման օրից դասավանդել են ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ՝ ընդգծում է ռեկտոր Սրբուհի Գևորգյանը
Սրբուհի Գևորգյան (ՀՊՄՀ ռեկտոր) - Տարբեր ժամանակներում տարբեր են եղել մանկավարժ կրթելու մեթոդները, բայց անփոփոխ է մնացել ուսուցչի ազգապահպան առաքելությունը՝ առողջ ու բանիմաց հասարակության, պետության անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը: Մանկավարժական համալսարանը հենց այս սկզբունքով է մոտենում իր առաքելությանը և արդեն մեկ դար, տարեցտարի կատարելագործում ուսումնագիտական, կրթական գործառույթները:
Մեկդարյա պատմություն ունեցող բուհի՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ վարչապետից ստանում են պարգևներ և կոչումներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան