Ցավալի ու սթափեցնեղ. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունն այսպես է բնորոշում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Նա այն համոզմանն է, որ հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի: Դեռ 2020 թվականին էր քննարկվում հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը՝ հիշեցնում է Ավինյանը։ 2021-ին նախաձեռնությունը ստացավ Կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով:
Տիգրան Ավինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ) - 2021 թվականի նախագծով առհասարակ սահմանափակումները մտնում էին բոլոր տեսակի միջոցառումների համար հրավառությունների օգտագործման, բացի պետական միջոցառումներից և համայնքային տոներից: Նախկինի պես չենք կարող շարունակել մեր կյանքը, ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառություն կարող է և չլինել:
Բացի վտանգից՝ հատկապես գիշերային ժամերի մի քանի կիլոմետր շառավղով հրավառությունները խախտում են նաև մարդկանց անդորրը՝ ասում է Ավինյանը: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նկատում է, որ թեև կա ժամային սահմանափակում, սակայն բարդ է այն վերահսկելը, քանի որ հրավառությունը սովորաբար տևում է մեկից երկու րոպե: Մինչև ոստիկանությունը հասնում է հրավառության վայր, փաստեր այլևս չեն հայտնաբերվում: 2021-ի նախագծի լրամշակմանն ու ընդունմանը խոչընդոտեցին կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, այնուհետև՝ 7-րդ գումարման խորհրդարանի լուծարումը: Վերջին իրադարձություններից հետո 2021-ի օրենքի նախագիծն արդեն վերանայվում է:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Շատ դժվար էր տարբերակում մտցնել և տարբերակումից հետո վերահսկել՝ որոնք են կենցաղային բնույթի հրավառությունները և, օրինակ, այն մեծ մասշտաբի հրավառությունները, որովհետև կարող են լինել փոքրիկ ծավալի՝ հրավտանգ նյութեր պարունակող հրավառություններ, որոնք օգտագործվում են, օրինակ, ամենաշատ տարածված՝ ծննդի արարողությունների ժամանակ, փակ շինության ներսում:
Հիմա նախագծի քննարկմանը ներգրավել են նաև մասնագետների: Հաճախ հրավտանգ նյութերի վրա բացակայում է հայերեն մակնշումը, կամ չի մակնշվում այն բաղադրությունը, որն իրականում կա: Չի բացառվում, որ արգելվեն նաև կենցաղային հրավառության միջոցները:
Սիսակ Գաբրիելյան - Կար ռադիկալ մոտեցումը, որ այդ դեպքում արգելենք ցանկացած հրավտանգ նյութի ներկրումը և ազատ վաճառքը, և թույլատրվի բացառապես պետական և ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ, իրենց իսկ կողմից սահմանված վայրերում թույլատրելի ժամերին և բացառապես հրավառություն իրականացնելու թույլտվություն ունեցող և լիցենզիա ստացած կազմակերպությունների կողմից:
Օրենքի նախագծի ընդունումը երկար չի ձգվի՝ ասում է Սիսակ Գաբրիելյանը, այն խորհրդարանի օրակարգում կլինի աշնանային նստաշրջանում: