Վերջին 3 օրվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն աշխատել են տարածքի համար պատասխանատու անձանց հետ. հատակագիծն է ուսումնասիրվում, որ աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Առավոտյան՝ «Սուրմալու»-ի տարածքում պայթյունից հետո 2-րդ գիշերվա աշխատանքներն ամփոփելիս, ներկայացրեց նախարարը:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ ԱԻ նախարար) - Սեփականատերերից հանդիպել ենք, հատակագծեր ենք ուզել նաև կադաստրից, որ նկուղային հարկերում, տեսնենք ոնց է, որպեսզի կարողանանք մանրակրկիտ զննում անցկացնենք: Մենք աշխատում ենք անձի հետ` սեփականատեր է, թե բաժնետեր, որը տեղյակ է տարածքից:
Անձամբ նախարարը չի հանդիպել, տեղի ունեցած պայթյունի մասին հարցեր չեն հնչել, նախարարը շեշտում է՝ իրենց համար այս պահին առաջնայինը որոնողական աշխատանքներն են:
Երկրորդ գիշերը փրկարարները փլատակներից դուրս են բերել 8 դի: Անհետ կորածների թիվն էլ առավոտ 8:20-ի դրությամբ պակասել էր 1-ով:
Արմեն Փամբուխչյան - 17 անհետ կորած է, 18 ունեինք, զանգ ստացանք, որ մի քաղաքացին այս տարածքում չի եղել, այսինքն` ողջ է, ՀՀ քաղաքացիներից է:
Կեսգիշերն անց նաև պարզ էր դարձել, որ ենթադրյալ անհետ Իրանի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Օրվա ընթացքում նաև 6-րդ իրանցու մասին էր լուր ստացվելու. կրկին Վրաստանում էր: Որոնվողների ցանկից հանվել է նաև ՌԴ քաղաքացու անունը. նա ողջ-առողջ է: Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ պայթյունի ժամանակ նա չի եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում:
Այսպիսով որոնվողների մեջ չկան օտարերկրացիներ: Ցանկում ներառված 2 քաղաքացու մասին ևս բարի լուր ստացվեց՝ հարազատներն են կապվել:
Հայկ Կոստանյան (ԱԻՆ խոսնակ) - Այսպիսով 3 քաղաքացու անուն որոնվողների ցուցակից հանվեց. նրանք ողջ էին, մեկի անունն էլ ազգանվան վրիպակի պատճառով և զոհվածների, և անհետ կորածների ցուցակում էր: Որոնվողների քանակը նվազեց նաև զոհվածների նույնականացումից հետո. մահացածների անունները որոնվողների ցանկում էին: Զոհված քաղաքացիների ինքնությունը հաստատելու համար որոշ դեպքերում նաև դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտություն է լինում: Թե քանի օր կշարունակվեն որոնողական ու մաքրման աշխատանքները՝ հստակ չէ: Դեռ պահպանվում է փլուզման վտանգը:
Արմեն Փամբուխչյան - Սյուները երեկ ենք ապամոնտաժել, բայց կա 2 հատված, որոնց ձեռք չենք տալիս, մեկը հիմնական շենքն է, և ետնամասում կան շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել, երբ հասկանանք, որ չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք:
Քանի դեռ անհետ կորած քաղաքացիներ կան, ոչ բոլոր տեղերում են կարողանում ծանր տեխնիկա կիրառել, ևս մեկ անգամ շեշտեց նախարարի տեղակալը:
Դավիթ Համբարյան (ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ) - Փլատակներից առանձնացվել են բետոնե ծանր կոնստրուկցիաները, որ տեղափոխվում են, իսկ փլատակների գոտում որոնողական աշխատանքներն են շարունակվում: Փլվածքի գրեթե բոլոր կողմերով են արվում, մուտքեր բացված են:
Տարածքում հերթափոխով շուրջ 100 փրկարար է աշխատում, նրանց օգնում են ՈՄԱ-ի և Հայկական Կարմիր խաչի կամավորները։ Հայկական Կարմիր խաչը շարունակում է նաև հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն տրամադրել։
Աննա Եղիազարյան (Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն) - Եթե նախորդ օրը 120 դիմողներ կային, ապա երեկոյից մինչև այս ժամը դիմել է 30 քաղաքացի և 20 շահառու` առաջին օգնության համար:
Նշում է՝ փրկարարներն էլ են օգնության կարիք ունենում ճնշման, գլխացավի, այրվածքների դեպքում: Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Աշխատանքները շարունակվում են առանց դադարի:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան