Պակիստանի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով ցամաքային և օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են առնվազն 29 զինյալի՝ հայտնում է Reuters-ը:
Տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը հայտարարել է, որ գործողությունն Աֆղանստանից վերջին մի շարք հարձակման պատասխանն է եղել։ Անվտանգության ուժերի տվյալներով՝ վերջին տարիներին Պակիստանում ոստիկանության և զինվորականների վրա հարձակումները հաճախակի են դարձել։
Աֆղան թալիբներն էլ հայտարարել են, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ ավելի քան 160 մարդ։ Նրանք պնդել են, որ զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ։
Պակիստանը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանում գրոհայիններին պատկանող թիրախներին: Դրանք սպառնում են սրել պարբերաբար ծագող հակամարտությունը նախկին դաշնակիցների միջև, որոնք փետրվարին մղում էին վերջին տարիների ամենադաժան մարտերը: