Պարզվում է` Ջրաշեն համայնքը ջրով այնքան էլ շեն չէ: Արտաշատի ջրանցքը գյուղի վերևով է անցնում, բայց մի քանի տարի է, ինչ բերքը գոմաղբով և ընդհանրապես աղբով լի ջրատարի ջրով են ջրում: Տասն օր առաջ պատկերն այսպիսին էր` գարշահոտությունից նույնիսկ տանը նստել չէր լինում, ասում են գյուղացիները:
Գարշահոտության ու կեղտոտ ջրի պատճառը, պարզվում է, ջրանցքի հարևանությամբ գործող խոզաբուծական ֆերման է: Երևանից ջրի մեջ լցվող աղբը քիչ էր, դրան էլ ավելացել է խոզաբուծարանի գոմաղբը, ու ամբողջը լցվել ջրանցք, ասում է Ջրաշեն համայնքի ղեկավարը:
Արտյոմ Ղազարյան (Ջրաշեն վարչական շրջանի ղեկավար) - Փրփուր էլ էր գալիս, խոզի թրիք էլ էր գալիս: Աղբը խոզի թրիքի հետ խառնվի` ինչ կլինի:
Սա առաջին դեպքը չէ, ասում է «Ջրառ» ընկերության փոխտնօրենը: Ամեն տարի գարնանը՝ ոռոգման շրջանի մեկնարկից առաջ, ջրանցքը մաքրում են: 2017-ից սկսած` և խոզաբուծարանի տնօրենին, և սեփականատիրաջը զգուշացնում են, որ գոմաղբը ջրանցքը չլցնեն: Անցյալ տարի նույնիսկ «ՎԱՍԱՆ ԱՎԻ» ընկերությանը տուգանել են 200 հազար դրամով:
Մկրտիչ Առաքելյան («Ջրառ» ՓԲԸ փոխտնօրեն) - Ճիշտն ասած` տնօրենին գիտեմ, Արմեն է անունը: Սեփականատերը մի անգամ, հեռախոսով ենք խոսել, Վահան էր անունը, ասաց` մենք էլ ենք ուզում, որ չկեղտոտվի, ամեն ինչ կանենք: Իսկ էս տարի, որ Արմենին զանգեցի՝ ասաց` մենք չենք լցնում ջրանցքը:
Պետռեգիստրում խոզաբուծարանը գրանցված է Վահան Կարապետյանի անունով: Նա ԲՀԿ-ական նախկին պատգամավոր է: Այս տարի խախտումը նորից կրկնվել է: Գոմաղբի հեռացման առանձին խողովակ ընկերությունն ունի, որով կեղտաջրերը պետք է հոսեն առանձնացված տարածք, սակայն դա էլ հետագայում պետք է մաքրվի, ինչն արդեն ավելորդ ծախս է ընկերության համար:
Ծախսերից խուսափելու համար նախընտրել են գոմաղբն ուղիղ ջրատարը լցնելու տարբերակը, ասում է «Ջրառի» փոխտնօրենը: Շուրջօրյա հերթապահության արդյունքում պարզել են՝ գոմաղբը ջրատարն են լցնում լուսադեմին:
Մկրտիչ Առաքելյան - Այս պուճուր ջրանցքը տեսնում եք, սրա մեջից գալիս է գոմաղբը, իրենք պատնեշ էին դրել դիմացը ու այս երկու կողմից բացել էին առուներ, որը լցվում էր ջրանցքի մեջ, ու ջրանցքը այս տարի իրոք ահավոր կեղտոտվել էր:
«Ջրառ» ընկերությունը խնդիրը ժամանակավոր լուծել է. փակել են ջրատար լցվող ջրանցքները: Եթե խնդիրը կրկնվի՝ կլուծեն հիմնովին, վստահեցնում է Ջրառի փոխտնօրենը: Արդեն տասը օր է, ինչ ջրաշենցիք մաքուր ոռոգման ջուր են ստանում: