Ուկրաինական ևս երկու բեռնանավ դուրս է եկել Սև ծովի նավահանգիստներից՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ Sakura նավը տեղափոխում է 11 հազար տոննա սոյա, իսկ Arizona նավը՝ 48458 տոննա եգիպտացորեն։
Միևնույն ժամանակ դեպի Ստամբուլ է շարժվում ևս չորս նավ, որ նախօրեին դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից: Հացահատիկով և սննդամթերքով բեռնված բոլոր նավերը անցնում են հումանիտար միջանցքով և ուղևորվում Ստամբուլ, որտեղ դրանք զննում են համակարգող կենտրոնի ներկայացուցիչները:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը, հացահատիկի և սննդամթերքի անվտանգ արտահանման մասին պայմանավորվածությունների շրջանակում իշխանությունները նախատեսում են ամեն ամիս շուրջ 100 նավ ուղարկել ուկրաինական նավահանգիստներից։