Հայաստանում առաջին անգամ անցկացվել է FemInno կանանց նորարարության միջազգային համաժողովը: Միջոցառման նպատակը բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելն է: Կրթությունը թիրախավորվել է որպես հիմնական ուղի: 30-ից ավելի բանախոս՝ 15-ից ավելի երկրներից, քննարկել ու կարևորել են կանանց դերն ու նշանակությունը պետության զարգացման գործում, նրանց ներգրավվածությունը նաև քաղաքականության մեջ:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Անհրաժեշտություն ունենք, որ ավելի շատ կանանց ոգևորենք ու մոտիվացնենք, որպեսզի իրենք զբաղվեն տեխնոլոգիաներով, գիտությամբ ու տարբեր այլ բնագավառներում ներգրավված լինեն:
Խորհրդարանի նախագահի տեղակալը նկատում է՝ կանայք Հայաստանի բնակչության մեծամասնությունն են կազմում, սակայն, սրան հակառակ, ցածր է նրանց զբաղվածության ցուցանիշը:
Հակոբ Արշակյան - Սա աշխատելու համար է, նոր հնարավորություններ, նոր գիտելիքներ ստանալու, սովորելու: Տեսաք, որ միջազգային բավականին բարձր ներգրավվածություն կա և՛ տեխնոլոգիական, և՛ կրթական ոլորտից, կան քննարկումներ, պանելային քննարկումներ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում այդ առաջնահերթությունն իսկապես զարգացել է:
FemInno կանանց նորարարության միջազգային համաժողովին նաև աշխատանքի տոնավաճառ էր ներկայացված։ Ավելի քան 12 ընկերություն աշխատանքի առաջարկով էր հանդես գալիս։ Հակոբ Արշակյանը շրջել է տոնավաճառում, կանանց համար աշխատանք առաջարկող ընկերություններից հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են նրանք առաջարկում:
Հակոբ Արշակյան - Գիտեք, որ մեծ ջանքեր են գործադրվում թե՛ ոստիկանությունում, թե՛ պաշտպանական համակարգում, թե՛ քաղաքականութան մեջ կանանց ներգրավվածության ավելացման համար, բայց դա երկկողմանի պրոցես է. կանայք նույնպես պետք է հետաքրքրված լինեն:
Իր ձևաչափով միակ համաժողովում ամփոփվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։ 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը կիսել են հայկական Oqni և My coffee ստարտափները։
Հեղինակ` Անի Օհանյան