Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից «B»՝ բացասական կանխատեսմամբ: Վարկանիշի իջեցման վրա ազդած հիմնական գործոններից մեկը, գործակալության վերլուծաբանների խոսքով, գնաճն է: Ըստ նրանց կանխատեսումների՝ այս տարի Թուրքիայում գնաճը կլինի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում։
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Բարձր գնաճային ֆոնի պայմաններում Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը և քաղաքական ղեկավարության ճնշմամբ` նաև Կենտրոնական բանկը որոշեցին չբարձրացնել տոկոսադրույքը և թողեցին անփոփոխ, հիմա 21 թվականից այն 14 տոկոսի տիրույթում է: Չբարձրացրին տոկոսադրույքը` տնտեսական ակտիվությունը չզսպելու համար, և այս իրողությանը գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ընդհանուր գնաճային բարձր ֆոնը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան հիմա մեկ լարի վրա է խաղում, և այդ ոճը հատուկ է Էրդողանին:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Կան հաշվարկներ Թուրքիայում, որոնք հիմնվում են հետևյալ մոտեցումների վրա, որ եթե կարողանա Թուրքիան այս ծանր պայմանները տարվա երկրորդ կեսին, որոնք ավելի ծանր կլինեն, հաղթահարել, այսինքն` բարձր սղաճը, լիրայի արժեզրկումը, բնակչության կենսամակարդակի անկումը, իսկ նրանք ամեն ինչ պետք է անեն, որ հաղթահարեն, մյուս տարվանից կսկսվի տնտեսության աճը և բնակչության կենսամակարդակի բարելավումը:
Հարևան երկրում հայտարարվում է, որ մինչև մյուս տարվա մայիս երկրի տնտեսությունը կվերականգնվի՝ նշում է Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյան - Ինչու «մայիս» վերջնական ժամկետը. որովհետև հունիսին նախատեսված են ընտրություններ` և՛ խորհրդարանական, և՛ նախագահական, այսինքն` հաշվարկն այն է, որ ընտրությունների նախօրեին միանգամից բնակչության համար պարզ դառնա, որ նորից Թուրքիան զարգանում է:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Թուրքիայի կառավարությունն ունի նաև 180 մլրդ դոլարի արտաքին պարտքի մարման պարտավորություն, ինչը լիրայի արժեզրկման պայմաններում լուրջ ռիսկեր է ստեղծում՝ ընդգծում է Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան - Տարեսկզբին BB-ից նվազում կատարվեց B+-ի ռեյտինգը, էլի այն ժամանակ բացասական սպասում էր, և հիմա էլ, այո, բացասական սպասումը կարող է նշանակել, որ առաջիկա ամիսներին կամ հաջորդ ռեյտինգավորման ժամանակ կարող է նվազել մինչև B-, իսկ դրանից հետո արդեն C կարգի ռեյտինգներն են, որ բացառապես սպեկուլյատիվ և բարձր ռիսկային պարտավորություններին են վերաբերում:
Ըստ Fitch գործակալության՝ Թուրքիայի միջազգային պահուստները ճնշման տակ են, և կանխատեսվում է, որ այս տարի 101 մլրդ դոլարից կնվազեն մինչև 94-ի, իսկ հաջորդ տարի կդառնան 88 մլրդ դոլար:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան