Ապօրինի գույք ունենալու կասկածանքով իրավապահի թիրախում հնարավոր է հայտնվել, եթե նախկին ու ներկա պաշտոնյան, թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող քրեական գործերով անցնող անձինք 50 մլն դրամը գերազանցող գույք ունեն և չեն կարողանում հիմնավորել դրա ծագումը: Մոտ երկու տարում դատախազության համապատասխան վարչությունը 574 անձի վերաբերյալ 345 նյութ է ստացել, 342-ով ուսումնասիրություն սկսել: 12 գործով արդեն հայց է ներկայացվել դատարան, ևս 330 ուսումնասիրություն այս պահին ընթացքի մեջ է:
Գևորգ Քոչարյան (ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ավագ դատախազ) - Միայն այդ՝ դատարան գնացած 12 գործով պետության՝ ի դեմս մեր վարչության բռնագանձման պահանջը, կազմում է շուրջ 200 անշարժ և շարժական գույքեր, 21 մասնակցություններ իրավաբանական անձնաց և 20-21 մլրդի չափով դրամ: Էս ամենը դրամական շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարկված չէ իրավաբանական անձանց մասնակցությունը:
Դա նշանակում է՝ 70 մլրդ դրամը աճման միտում ունի: Գործող իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա հետապնդելու նախկին իշխանության ապօրինի ունեցվածքը՝ ասում է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզան, բացատրում, թե ինչու է կարևոր ապօրինի գույքի վերադարձը:
Ռուբեն Կարրանզա (Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ) - Ապօրինի գույքի բռնագանձումը կարևոր է, որպեսզի իշխանությունը կանխի կոռումպացված առաջնորդների վերադարձը իշխանության: Եթե չեք կարողանում ապահովել ապօրինի գույքի վերադարձը պետությանը, նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ, այդ ունեցվածքը օգտագործելու են իշխանության վերադառնալու համար:
Կլոր-սեղան քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է, որ գործառույթը անհրաժեշտ է և անգամ ուշացած: Գողացածը վերադարձնելու գործընթացը Հայաստանի համար անխուսափելի է: Հավելում է՝ միջազգային փորձին հետևելը կարևոր է ու անհրաժեշտ, բայց մեզ սեփական մեթոդներն են անհրաժեշտ:
Նինա Կարապետյանց (իրավապաշտպան) - Ինչու է սա կարևոր: Սա ինչ-որ մեկին ունեզրկելու ինքնանպատակ պրոցես չպիտի լինի, սա իրարից նեղանալու, քեն քշելու կամ ձեռից ինչ-որ գույք վերցնելու պրոցես պիտի չլինի, սա ինչ-որ տեղ դաստիարակչական պրոցես է, կանխարգելիչ գործիքակազմ է, որովհետև յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պաշտոնյա պիտի իմանա, որ չի կարող իր պաշտոնում գտնվելով՝ ապօրինի գույքեր ձեռք բերի, այդպես անպատիժ մնա ու վայելի:
Կարապետյանցը վստահ է, որ շատերը այս պահին շարունակում են վայելել գողոնը՝ զուգահեռ օգտագործելով այն Հայաստանի դեմ իրականացվող գործընթացներում: