Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին: Պաշտպանության մասին օրենքի վերջին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո ԳՇ պետը կհամարվի նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պարոն Քոչունց, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ կատարված աշխատանքի համար և, պարոն Ասրյան, հաջողություններ մաղթել Ձեզ այս կարևորագույն պաշտոնում:
Բարձրագույն սպայակազմի ու երկրի ղեկավարի ներկայությամբ ԶՈՒ ռազմադրոշը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնում է ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին:
Պատասխանատու պաշտոնում բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և Զինված ուժերի առջև դրված խնդիրները կատարել լավագույնս. մինչ դրոշը ձեռքը վերցնելը նորանշանակ ԳՇ պետի առաջին խոստումն է այդ պաշտոնում:
Էդվարդ Ասրյան (ԶՈՒ գլխավոր շտաբի պետ) - Զինված ուժերի գերակա խնդիրն է պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի, ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը կոլեգիալ մարմին է, իսկ Գլխավոր շտաբի պետը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ, Գլխավոր շտաբի պետի որոշմամբ, և առաջարկներ կներկայացնենք պաշտպանության նախարարին:
Վարչապետը շեշտում է ոլորտին վերաբերող օրենսդրական վերջին փոփոխությունները: Հուլիսի 6-ին «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ արվեցին, ըստ որի՝ գլխավոր շտաբի պետը կհամարվի նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Նոր կարգավիճակը, սակայն, քաղաքական պաշտոն չէ, և գլխավոր շտաբի պետը չի լինելու նախարարին փոխարինող անձ: Նախագահի կողմից օրենքը ստորագրելուց և այն հրապարակելուց հետո 10-րդ օրը օրենքը կմտնի ուժի մեջ:
Նիկոլ Փաշինյան - Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ աշխատանքային գործակցության հարցերը: Կարծում եմ, բնականաբար, ճիշտ որոշում է կայացված: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր փետրվարի 24-ից՝ Արտակ Դավթյանին ազատելուց հետո: Այս վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում էր գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան