ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձել է Եվրոպական խորհրդարան այցի արդյունքներին, ներքաղաքական զարգացումներին և անելիքներին։ Նա նշել է, որ բոլոր մարզերում ձևավորվում են շարժման խորհուրդներ, որպեսզի շարժումն ամբողջ ծավալով տեղափոխվի նաև մարզեր: Սաղաթելյանը հավաստիացրել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է և շարունակելու է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:
Մանդատները վայր դրած ընդդիմադիր գործիչներին Սաղաթելյանը մաղթել է հաջողություն, նաև տեղեկացրել՝ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, և դա կանեն այն ժամանակ, երբ այդկերպ կնպաստեն շարժման ընդլայնմանը: Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում անելիք չունեն, օրակարգն այսօր փողոցում է, պարտավոր են թափ տալ շարժումը և հասնել հայտարարված նպատակին:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսելուն, ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, թե չի ասել՝ օգոստոսի 2-ից սկսելու են այդ գործընթացը, ասել է, որ օգոստոսի 2-ից իրենց գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը:
Սաղաթելյանի խոսքով՝ գործընթացի մեջ կմտնեն միայն այն ժամանակ, երբ հաջողության հասնելու հնարավորություն տեսնեն: Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է օգոստոսին չլինեն հանրահավաքներ, Սաղաթելյանը նշել է՝ այժմ նման որոշում չունեն, կախված է իրավիճակից:
«Այն ծավալը, որ արել ենք, հիմա, նաև մեր որոշմամբ, էդ ինտենսիվությունը չենք անում, որովհետև այս պահին դրա արդյունավետությունը և ավելորդ մեր աջակիցներին, համակիրներին այս պայմաններում, այս ամառվա ընթացքում ճիշտ չենք համարում, բայց դրան զուգահեռ պատրաստվում ենք մեծ թափով պրոցեսը տանելու աշխատանքներին: Այդ բառն այնքան վարկաբեկված է՝ թեժ աշուն, թեժ գարուն, կարող է այնպիսի իրավիճակ լինի՝ թեժ օգոստոս լինի:
Ամեն դեպքում տեմպը չենք գցում. շարժումը կա, աշխատանքներ իրականացվում են, բայց նախկին ինտենսիվությունն առնվազն առաջիկայում չենք պատկերացնում, որովհետև դրա արդյունավետությունը, այն, ինչ որ ակնկալում ենք, ակնհայտ գնահատում ենք, որ չի լինելու»,- ասաց Սաղաթելյանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան