Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները պետք է իմանան․ Մոսկվան խստացրել է միգրանտների ընդունումը և ԵԱՏՄ-անդամակցությունից անկախ նաև Հայաստանից գնացողների համար պարտադիր դարձրել բուժզննում անցնելն ու մատնահետք հանձնելը։
Տաթևիկ Բեժանյան («Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ) - Դա վճարովի ծառայություն է, պետք է վճարել՝ անցնել բուժզննումը, վերցնել փաստաթուղթը, անպայման ներկայացնել տարածքային միգրացիոն ծառայություն, որտեղ հաշվառման եք կանգնել, հանձնել մատնահերքը, որը կնույնականացվի լուսանկարի հետ, և վերջ՝ դուք արդեն ձեր աշխատանքային պայմանագրի ժամկետով կարող եք գտնվել ՌԴ-ում:
Խստացումն ուժի մեջ է մտել այս տարեսկզբից և վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հունվարից հետո Ռուսաստանի սահմանը հատել են կամ կհատեն՝ այնտեղ աշխատելու նպատակով։ Եթե անձն ընտանիքով է մեկնել՝ անգամ նորածին երեխան պետք է այդ կարգով անցնի՝ մարդկանց զգուշացնում են Դաշնությունում հայ միգրանտների իրավունքները պաշտպանող «Թոնգ Ջոհանի» կազմակերպության և «Հայկական կարիտաս»-ի մասնագետները։
Բուժզննումը պետք է հասցնել անցնել՝ Ռուսաստան մտնելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։ Անհարժեշտ է հաշվի առնել, որ որոշ անալիզների համար 4 օր է պահանջվում, իսկ պատասխանը դեռ պետք է ներկայացնել հաշվառման վայր։
Տաթևիկ Բեժանյան - Բուժզննման մեր միգրանտների համար փաստաթուղթը ուժի մեջ է 1 տարի, բայց նույն տարածաշրջանում, բայց եթե տարածաշրջան փոխեն, պետք է նորը հանեն, իսկ մատնահետք՝ կապ չունի որտեղ են հանձնում՝ իրենց տալիս են պլաստիկ քարտ, որն ուժի մեջ է 10 տարի:
Ինֆորմացիա, օգնություն կարելի է գտնել Ֆեյսբուքի «Ես միգրանտ եմ» էջում։ Խնդիրների չբախվելու համար՝ իրավաբանները խորհուրդ են տալիս հաշվառվել միայն և միայն փաստացի բնակության հասցեում։ Այլապես եթե ոստիկանը փողոցում առանց աշխատանքային թույլտվության բռնի ու հարցնի, օրինակ, ինչպե՞ս եք մետրոյով գնում՝ իբրև թե վարձած ձեզ անծանոթ բնակարան, իսկ դուք չկարողանաք նկարագրել, կեղծ տեղեկատվության համար․․․ մինչև իսկ մեկ տարի ազատազրկում կարող է սպառնալ։ Ընդ որում՝ եթե մի ամբողջ բրիգադ մի բնակարանում է ապրում, դրա տիրոջ հետ վարձակալության պայմանագիրը պետք է կնքեն բոլորը, միայն բրիգադիրը բավական չէ։ Ամենառիսկայինը ուղևորափոխադրումների ու շինարարության ոլորտն է․ շատ գործատուներ հիմա միգրանտներին համոզում են խզել աշխատանքային պայմանագիրը՝ իբր իրենց հարկերը թեթևացնելու համար, խոստանում, որ նույն փողը կտան․ խաբելու են՝ օրը 14 ժամ շահագործեն՝ առանց շաբաթ-կիրակիի, չհամաձայնվեք․․․ հորդորում է Վալենտինա Չուպիկը։ Իսկ ովքեր արդեն ծուղակն են ընկել՝ հուշում է․.․ ընկերության կնիքով ու ձեր անուն-ազգանունով փաստաթղթեր հավաքեք, որ կարողանան օգնել։
Վալենտինա Չուպիկ («Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ) - Եթե վարորդ եք՝ ճամփորդական չեկերը ձեր մոտ պահեք, եթե հավաքարար եք՝ զուգարանի դռան վրայից պոկեք ձեր արած մաքրության մասին վկայող կնքված թերթիկը։ Եթե հացթուխ եք՝ ստորագրել եք սանիտարական նորմերը, շինարար եք՝ տեխնիկական անվտանգության կանոնները պահպանելու մատյաններում․․․ այդ թղթերով ապացույցներ հավաքեք։ Միայն դրանց հիման վրա մենք կարող ենք անվճար պաշտպանել ձեր աշխատանքային իրավունքները․․․
Չուպիկը նաև հորդորում է․ միամիտ մի՛ եղեք և ոստիկանի պահանջով նրան փող մի՛ տվեք, իբրև թե տուգանք է։ Տուգանքը Ռուսաստանում վճարում են միայն բանկով, կանխիկ գումարի համար՝ կարող եք նաև կաշառքի գործ սարքել ձեր գլխին։ Խստացումը բերելու է արտաքսումների, քանի որ շատերի թղթերը կիսատ-պռատ են, իսկ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն ստուգումներ է սկսել։
Վալենտինա Չուպիկ - Հիմա մեր մոտ «անօրինական միգրանտ» արշավն է սկսվել, որի շրջանակում՝ հունիսի 27 մինչև հուլիսի 15-ը միգրացիոն ռեժիմի ստուգում է։ Մենք բախվում են օրվա կտրվածքով տասնյակ անօրինական դեպորտների։ Օրինականը՝ հարյուրների-հազարի է հասնում:
Իրավաբանները զգուշացնում են՝ եթե միգրացիոն թղթերը թերի են՝ մի սպասեք ձեզ արտաքսելուն, վերադարձեք, այլապես ինչքան անօրինական մնաք՝ հետո Ռուսաստան նորից մուտքի համար այդքան ավելի երկար ժամանակով եք արգելքի ցուցակում մնալու։