Հունաստանի խորհրդարանի սպառազինության ծրագրերի և պայմանագրերի հարցերով հատուկ մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի և AAV-7 զրահապատ ամֆիբիա մեքենաների գնմանը` ընդհանուր 691 մլն եվրո (703 մլն դոլար) արժողությամբ:
Վկայակոչելով հույն պաշտոնյաներին՝ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամերիկյան ԱԹՍ-ները մշտապես հետևելու են Էգեյան ծովի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի իրավիճակին:
Նշվում է, որ չնայած ավելի վաղ Աթենքը ֆրանսիական կործանիչներ էր ձեռք բերել՝ դա չի թուլացրել թուրքական անօդաչուների հետ կապված մտավախությունները:
Բացի դրանից՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է Գերմանիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու հնարավորությունը, որպեսզի Բեռլինը դադարեցնի որոշ դետալների վաճառքը, որոնք օգտագործվում են թուրքական անօդաչուների արտադրության համար: