Կառավարության առաջարկով խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է գումարել, օրակարգում 23 հարց է ընդգրկված: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծ, որով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:
«Դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց, որ նախագծի երկրորդ ընթերցումից առաջ կատարվել են որոշ հստակեցումներ և տեխնիկական շտկումներ: