Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը խորհրդարան էր եկել «դատախազ» բառի ծագումնաբանությունն ուսումնասիրելուց հետո: Պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստում իր թեկնածության քննարկման ժամանակ իրավաբանը հայտնեց՝ ուշադրությունը գրավել է լատիներեն պրոկուրառե բառը, որը թարգմանաբար նշանակում է՝ հոգ տանել: Վարդապետյանի պնդմամբ՝ դատախազությունը պետք է հոգ տանի այն մարդու մասին, որի ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու) - Դատախազությունը պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր կամ այլ ոչ իրավաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուի խոսքով՝ դատախազությունն այդ առաքելությունը պետք է իրականացնի նվիրված աշխատանքով, հանցավոր վարքագծի նկատմամբ անհանդուրժողականությամբ և վախի բացակայությամբ:
Աննա Վարդապետյան - Իմ ծառայությունը միտված է լինելու այս նպատակին ուղղված դատախազության պոտենցիալի առավելագույն բացահայտմանն ու իրականացմանը:
Հանձնաժողովի անդամների հետ զրույցում Վարդապետյանն ընդգծեց՝ չի ակնկալել լինել հանրապետության գլխավոր դատախազ, երկու անգամ էլ հրաժարվել է դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնել:
Աննա Վարդապետյան - Բայց այսօր, հստակ գիտակցելով պաշտոնից բխող ահռելի պատասխանատվությունը, ես գնում եմ այդ քայլին, ու նպատակս մեկն է, որ գիտելիքս ծառայի օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանն ու դրանով նպաստի Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը արդարադատության նախարարի նախկին տեղակալ, այժմ վարչապետի օգնական թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի դատախազությանն առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Վարդապետյանն ի պատասխան կարևորեց վերականգնողական արդարադատությանն ուղղված բարեփոխումների անհրաժեշտությունը:
Աննա Վարդապետյան - Մենք այս պահին գործող քրեական օրենսգրքում առավելապես պատժիչ գործառույթ ենք տեսնում դատախազության աշխատանքի մեջ, բայց նոր քրեադատավարական ու քրեաիրավական կարգավորումները պահանջում են, որ պատժողական քաղաքականությունից գնանք դեպի ռեստիտուցիա, դեպի վերականգնում, ռեսոցիալիզացիա: Եվ այս առումով դատախազության գործառույթները, իհարկե, անհրաժեշտություն կունենան վերանայելու:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ևս ներկա չէին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ևս մեկ անգամ քարտուղարությունից պետք է տեղեկանամ՝ արդյոք հանձնաժողովի բոլոր անդամները ժամանակին ստացե՞լ են նիստի անցկացման վայրի և ժամի մասին համապատասխան ծանուցում: Այո: Շատ բարի:
Հանձնաժողովը Վարդապետյանի թեկնածության առաջադրմանը տվեց միաձայն դրական եզրակացություն: Զուգահեռ ընթացող փակ քվեարկության արդյունքում էլ՝ Ազգային ժողովի պատգամավորները Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան