Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանը 2013 թվականին նշանակվել է Վարչական դատարանի, իսկ 2021 թվականին՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Ազգային ժողովում իր ելույթում Հակոբյանը նշեց, որ արդարադատությանը բնորոշ բուն գործառույթներից բացի, այն է` հանրային իրավական վեճերի լուծում, մարդու խախտված իրավունքի պաշտպանություն և վերականգնում, վարչական արդարադատությունը կոչված է նաև ապահովելու պետական կառավարման ողջ համակարգի կայունությունը, կատարելագործումը:
«Վարչական արդարադատության արդյունավետությունը պայմանավորում է նաև պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, ձևավորում է օրինական վարքագիծ դրսևորող հանրային ծառայող»,- ասաց նա:
Հետևաբար, Հակոբյանի խոսքով, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը կարևոր ներդրում է ոչ միայն վարչական արդարադատության, այլև պետական կառավարման ողջ համակարգի արդյունավետությունն ապահովելու գործում: