ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի՞, թե՞ ոչ, որտե՞ղ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանալին: Այս հարցերին, ինչպես նաև Ադրբեջանից ու ՌԴ-ից այս առնչությամբ հնչող հայտարարություններին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2021 թ. ապրիլի 19-ին այցելել է ՌԴ, որի արդյունքներով ՌԴ նախագահի հետ ստորագրվել է համատեղ հայտարարություն:
«Ինչ է գրված դրա 24-րդ կետում. գրված է, որ ԼՂ կարգավորման շուրջ մենք պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պոտենցիալը նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա ՌԴ պաշտոնական տեսակետն է, որ արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան մեծ հաշվով չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն, դրանից առաջ ՌԴ ԱԳ նախարարը եղել է ՀՀ-ում: Ըստ էության, մեր խնդրո առարկայի շուրջ աշխատանքի ֆորմատը ՀՀ և ՌԴ ղեկավարների մակարդակով արձանագրված է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նկատեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր կա, երեքն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը, ՌԴ-ն` համատեղ հայտարարության ֆորմատով, Ֆրանսիան և ԱՄՆ-ն մի քանի անգամ են այդ մասին հայտարարել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին:
«Ի սկզբանե եղել է նախագահող, հետո՝ համանախագահող, հետո՝ համանախագահողներ, դա պրոցես է, որ տեղի է ունեցել, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տված մանդատի շրջանակներում է գործում, այդ փաստաթղթերը ոչ ոք չի չեղարկել»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց` խոսքն այն մասին չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կա բանավեճ, խոսում է այն մասին, որ համանախագահող երկրների հետ արձանագրել են` Մինսկի խումբը կա, Մինսկի խմբի միջազգային մանդատը կա, իսկ թե դրա շուրջ գործող ով ում հետ ինչ բանավեճ ունի, ուրիշ թեմա է: