Նիկարագուայի Ազգային ժողովի պատգամավոր, երկրորդ քարտուղար Վիլֆրեդո Նավարոն ասել է, որ գնաճը, որն առաջացել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանափակումների պատճառով, խորացնում է տնտեսական անկումը Լատինական Ամերիկայի երկրներում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նավարոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է դանդաղ գործողության ռումբ և նշել, որ դրանք վերածվում են սոցիալական բողոքի։
«Պատժամիջոցները սպառնում են Էկվադորին, Բրազիլիային, Սալվադորին, Գվատեմալային, Հոնդուրասին, այսինքն՝ այն երկրներին, որոնք փորձում են պայքարել ներկա ճգնաժամի դեմ և խորանալուն պես բախվում են նոր լուրջ խնդիրների»,- ընդգծել է պատգամավորը։
Reason Foundation-ի քաղաքական վերլուծաբան, Moody's Analytics-ի նախկին ավագ տնօրեն Մարկ Յոֆեն էլ The Hill-ում գրել է, որ պատժամիջոցներն արտաքին քաղաքականության վրա ազդելու գրավիչ, բայց անարդյունավետ միջոց են:
Փորձագետի կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի սահմանափակումներն անշահավետ են հենց Վաշինգտոնի համար և կարող են վտանգել երկրի նյութական բարեկեցությունն ու դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը։
Յոֆեն նաև այն կարծիքին է, որ տնտեսական պատժամիջոցները չեն օգնի Արևմուտքին՝ դադարեցնելու ռուսական հատուկ գործողությունն Ուկրաինայում։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել էր, որ ԱՄՆ-ը ծրագրել է Ռուսաստանի վրա ճնշումը չնվազեցնել մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտը։