ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ ապահովագրավճարների բարձրացմանը, որից դժգոհում են վարորդները:
«Լուրջ խնդիր կա ոլորտում, որը բերում է նրան, որ ստիպված ապահովագրական ընկերությունները բարձրացնում են ապահովագրավճարը: Վնասաբերությունն ի սկզբանե որոշվել էր, որ պետք է լիներ 60-65 տոկոս, այսինքն՝ այդքան պետք է փոխհատուցեին ապահովագրական ընկերություններն իրենց շահառուներին: Բայց այսօրվա իրավիճակով 75 տոկոսն արդեն անցել է, ինչի պայմաններում ապահովագրական ընկերությունները չեն կարող շահույթի նորման ապահովել, աշխատավարձ վճարել, իրենց համապատասխան ծախսերը հոգալ:
Երբ քննարկումը կազմակերպեցինք, որ հասկանանք՝ ինչու է այդպես, ամենամեծ պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի ավելացումն է, այն ՃՏՊ-ների, որոնք անգամ ծանր ելքով չեն»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ, ըստ դիտարկումների, ամեն տարի 15-20 տոկոս ավելանում են ՃՏՊ-ները:
«Այսպիսի ավելացման դինամիկայով 1-2 տարի հետո կրկին հանգելու ենք այն խնդրին, որ նորից պետք է ապահովագրավճարի փոփոխություններ արվեն: Բուն խնդիրը ՃՏՊ-ների քանակի ավելացումն է:
Այստեղ նաև թերացումներ ունեն ԱՊՊԱ գործակալությունները: Ֆիքսվեց, որ իրենց գործունեության մեջ որևէ միջոցներ, ներդրումներ, քարոզչական աշխատանքներ չեն անում՝ ուղղված ՃՏՊ-ների քանակի նվազեցմանը»,- ասաց Խաչատրյանը: