Առավոտյան ժ. 8:30-ից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիան: Ապակենտրոնացված ակցիաների փոխարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն այս անգամ մեկ կետից շարժվեցին: Դա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին հնարավորություն էր տվել հավաքի մասնակիցների հաշվարկ իրականացրել:
ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ մինչ այս առավոտյան հավաքի մասնակիցների հաշարկ չէր արվում, քանի որ տարբեր տեղերում միաժամանակ էին ակցիաներ լինում: Նրանց հաշվարկի համաձայն՝ ժամը 8:15 դրությամբ Ֆրանսիայի հրապարակում գտնվել է 553 մարդ:
Շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասան ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ճեղքեցին ոստիկանական պատն ու փակեցին նախարարության մուտքը՝ փորձելով աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել շենք։ Հայտարարեցին, թե ԱԳՆ-ի դիմաց իրենց ակցիայի պատճառը բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով արված հայտարարություններն են:
Արմեն Աշոտյան (ՀՀԿ փոխնախագահ) - Հայրենասեր տղերք, գրեք ու դուրս եկեք, ԱԳՆ-ն այս վիճակում ձեր տեղը չէ:
Ընդդիմադիր պատգամավորներն ուժով փորձեցին մտել արտգործնախարարության շենք, չստացվեց, բայց Ոստիկանության ուղեկցությամբ որոշ պատգամավորներ մուտք գործեցին, նրանց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանի հետ էլ հանդիպում եղավ: Նա նկատեց՝ բրյուսելյան հանդիպման հայտարարությունը Հայաստանի անունից չէ, ու մեր երկիրը պարտավորություն չունի: Որոշ ժամանակ անց պատգամավորները լքեցին շենքը, իսկ ցուցարարները բացեցին ԱԳՆ մուտքերն ու երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Էս կամքը որևէ կերպ կոտրել հնարավոր չէ, ու մեր պայքարն ավարտվելու է հաղթանակով:
«Դիմադրություն» շարժումն այսքանով ավարտեց անհնազանդության ակցիաները: Երեկոյան հանրահավաք իրականացվեց Սասունցի Դավիթ արձանի մոտ, ինչին հաջորդեց երթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, որը արդեն 24 օր փակ է:
Հեղինակ՝ Անի Օհանյան