Եվրամիությունը լրացուցիչ 200 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Վարշավայում Ուկրաինային նվիրված դոնորական համաժողովին:
«Այս նոր խոստումով մենք Ուկրաինայի ժողովրդին ասում ենք, որ ձեր պայքարը մեր պայքարն է։ Մենք ձեզ հետ ենք»,- հավելել է պաշտոնյան։
Դոնորական համաժողովը կազմակերպել են Լեհաստանը և Շվեդիան՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի մասնակցությամբ:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին էլ հայտնել է, որ Ուկրաինան այս պահին օրական 12 հազար տոննա հումանիտար օգնության կարիք ունի, բայց ստանում է այդ ծավալի միայն մեկ քառորդ մասը: Նա կարծիք է հայտնել, որ պետք է ավելացնել Ուկրաինային հումանիտար օգնությունը: