Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հիմնավոր է, պնդեց մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը: Հովսեփյանի կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելու ընթացքում մեղադրողը նշեց՝ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությունը՝ նկատի ունենալով մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև Հովսեփյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները:
Գուրգեն Սաֆարյան (մեղադրող դատախազ) - Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար երկարատև ժամկետով ազատազրկման դատապարտվելու մտավախությունից ելնելով` ազատության մեջ մնալով նա կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ, այդ թվում՝ թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությունը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Այս պնդումները, ըստ դատախազի, հիմնավորված են գործում առկա փաստական տվյալներով: Վկայակոչելով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանի ցուցմունքը՝ դատախազն ասաց՝ նրա վրա անօրինական ազդեցություն է գործադրվել: Եվ նա փոխել է ցուցմունքը, հայտնել բոլորովին այլ հանգամանքներ.
«Դատարանում պարոն Հովսեփյանը հայտնել է առերեսման ժամանակ Վրեժ Մարկոսյանի տված ցուցմունքի նույնաբովանդակ տեղեկություններ: Նշեմ ավելին՝ նախաքննության ընթացքում 2021-ի սեպտեմբերի 9-ին Վրեժ Մարկոսյանը որպես մեղադրյալ տված ցուցմունքով հաստատել է իր վրա անօրինական ազդեցություն գործադրելու և հենց դրա արդյունքում նախաքննական ցուցմունքը փոխելու հանգամանքը»:
Սա, ըստ դատախազի, բավարար է ենթադրություններ անելու, որ գործով դատավարության ընթացքում Հովսեփյանը նույնպես կարող է դրսևորել նմանօրինակ ոչ իրավաչափ վարքագիծ:
Աղվան Հովսեփյան (մեղադրյալ) - Դուք ինքներդ հավատո՞ւմ եք արդյոք ձեր կմկմոցներին:
Այսպես արձագանքեց դատախազին նախկին գլխավոր դատախազը, ապա հայտնեց, որ այս երեք տարվա ընթացքում նախազգուշացումներ է ստացել.
«Ուղերձներ, որ եթե հանկարծ փորձեք բացակայել երկրից, ձեր տղաները անմիջապես կկալանավորվեն: Բայց հավատացնում եմ ձեզ, ես չեմ պատրաստվել երբեք այս երկրից բացակայել, իմ հայրենիքից բացակայել. այդ ընթացքում եղել ա, որ ես գնացել եմ երկրից, վերադարձել եմ նորից և երբեք մտադրություն էլ չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ, հարգարժա՛ն դատախազ, ինչպես դուք եք նշում, խուսափել ոչնչից. ես իմ ողջ կյանքում ոչնչից ու ոչ ոքից չեմ խուսափել:
Ապա դատախազներին հորդորեց հրաժարվել մեղադրանքից, հակառակ դեպքում կստացվի, որ նրանք անաչառ չեն։
Մեղադրող դատախազի նշած հիմնավորումներին հակափաստարկներ ներկայացրեց նաև պաշտպանական կողմը:
Էրիկ Ալեքսանյան (Աղվան Հովսեփյանի պաշտպան) - Ես գտնում եմ, որ դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները պարոն Հովսեփյանի նկատմամբ դեռևս մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոց կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխարինելու համար:
Հովսեփյանի մյուս պաշտպան Աննա Մանթաշյանն էլ նշեց՝ իր պաշտպանյալը հնարավորություն չունի որևէ բարձրաստիճան անձի նկատմամբ ազդեցություն գործադրելու, քանի որ 2018 թվականից նա չի աշխատում, և, բացի այդ, երկրում փոփոխություններ են տեղի ունեցել: Պաշտպանական կողմը խնդրեց քննարկել նաև Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցը:
190 մլն դրամ կաշառք ստանալու և 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար մեղադրվող Հովսեփյանը ազա՞տ կարձակվի, թե՞ ոչ՝ դատարանը որոշումը կհրապարակի վաղը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան