Երևանի Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ու քոլեջի ուսանողները կամ, ավելի ճիշտ՝ արդեն նախկին ուսանողները հաստատության դռների մոտ օրեր են անցկացնում. տևական ժամանակ նրանց չի հաջողվում պատշաճ կերպով ստանալ իրենց փաստաթղթերը, որ այլ բուհեր ու քոլեջներ տեղափոխվեն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Սուրբ Թերեզայի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, քոլեջինը՝ կասեցվել: Մուտքի մոտ խմբված ուսանողները, որոնց մեծ մասը հնդիկներ էին, հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ: Պատմեցին, որ որոշ փաստաթղթեր բուհից վերցրել են, բայց առանց ռեկտորի ստորագրության ու կնիքի: Իսկ ռեկտորն էլ, ինչպես նշեց Հայաստանի քաղաքացի մի ուսանող, հայտարարել է՝ կեղծ փաստաթուղթ է, չեմ հավատում, ուրիշ տեղ տպել բերել եք: Երիտասարդն ասաց, որ ոչ պետական մեկ այլ քոլեջ է ուզում տեղափոխվել, այսօր այդ հնարավորության վերջին օրն է:
Անվտանգության աշխատակիցները «Լուրերին» թույլ չտվեցին մտնել շենք: Ասացին՝ հանձնարարություն ունեն առանց ղեկավարության թույլտվության կողմնակի անձանց ներս չթողնել: Հեռախոսազանգի միջոցով էլ հնարավոր չեղավ ստանալ այդ թույլտվությունը:
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ մարտի 27-ին մի խումբ ուսանողներ դիմում են ներկայացրել Կենտրոնական բաժին՝ հավելելով, որ դա ուսումնասիրվում է:
Սուրբ Թերեզայի անվան համալսարանի և քոլեջի լիցենզիաները դադարեցվել ու կասեցվել են՝ բազմաթիվ պարտադիր պահանջներ խախտվելու պատճառով:
Բացի այդ, չարաշահումներ էին հայտնաբերվել այլ երկրներից ուսանողների տեղափոխության գործընթացում: Համալսարանին առնչվող մի շարք քրեական գործերից մեկն էլ դրան է վերաբերում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Սուրբ Թերեզայի անվան համալսարանի աշխատակիցները օտարերկրյա քաղաքացիներին բուհի դիպլոմ տրամադրելու համար 2020-21 թվականների ընթացքում յուրաքանչյուրից ստացել են շուրջ 1 մլն 450 հազար դոլարին համարժեք 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո նախ՝ կազմակերպել նրանց տեղափոխությունը օտարերկրյա բուհերի ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ավարտական կուրս, ապա՝ դիպլոմ տրամադրել Հնդկաստանի Հանրապետության 104 և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության 1 քաղաքացու: Այս քրգործն այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան